Չնայած նավթի էժանացման պատճառով լուրջ տնտեսական ճգնաժամի առաջացմանը, Ադրբեջանի կառավարությունը պատրաստվում է այս տարի եւս տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսել Հեյդար Ալիեւի ծննդյան օրվան համապատասխանեցված' մայիսի 10-ին անցկացվող «Ծաղկի տոնի» վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, ադրբեջանական հասարակությունը դժգոհություն է հայտնել կառավարության կողմից 2004 թվականից ամեն տարի Ադրբեջանի «համազգային առաջնորդի» ծննդյան օրվա տոնակատարության վրա համառորեն տասնյակ միլիոն դոլարներ ծախսելու առնչությամբ եւ դա բնութագրել որպես վատնում:
Թերթը նշում է, որ ընդամենը մեկ օր տեւող այդ տոնակատարության վրա տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսող կառավարությունը, եւ անձամբ Նախագահ Իլհամ Ալիեւը ազնիվ չեն իրենց այն հայտարարություններում, թե պետք է վերջ դնել վատնողականությանը եւ խնայողաբար օգտագործել պետբյուջեն:
«Դրա հետ միասին, նրանք երկրի համար ոչ մի օգուտ չունեցող միջոցառման վրա միլիոններ են ծախսում, այն դեպքում, երբ կառավարությունը 1994 թվականից փող չի գտնում 13.5 հազար զոհված զինծառայողների ընտանիքների ապահովագրական վճարները փոխհատուցելու համար», - գրում է թերթը:
Զոհված զինծառայողների ընտանիքները խնդրի հետ կապված բազմաթիվ բողոքի ակցիաներ են անցկացրել Ադրբեջանի խորհրդարանի եւ այլ պատկան կառույցների առջեւ, խնդրագրեր են հղել երկրի ղեկավարին, խորհրդարանի խոսնակին, սակայն, որեւէ արդյունքի չեն հասել:
Յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքի պետությունը պետք է 11 հազար մանաթ ապահովագրական գումար փոխհատուցի:
«Ինչո՞ւ Հեյդար Ալիեւի «Ծաղկի տոն» կոչված ծննդյան օրվա համար տնտեսական ճգնաժամի պայմաններում միլիոններով փող ծախսող կառավարությունը զոհված զինծառայողների ընտանիքներին փոխահատուցելու փող չի կարողանում «գտնել»...», - հարցնում է թերթը:
Ադրբեջանի կառավարությունն անցյալ տարի «Ծաղկի տոնի» վրա 30 մլն մանաթ (մոտ 36 մլն դոլար) էր ծախսել: Տնտեսագետների հաշվարկնելով' 2004 թվականից մինչ այժմ 10 տարիների ընթացքում այդ տոնի վրա Ադրբեջանն արդեն 200 մլն մանաթ փող է ծախսել: