ԵԱՀԿ դեմոկրատական ինստիտուտների և մարդու իրավունքների գծով գրասենյակի տնօրեն Մայքլ Լինքն ապրիլի 8-9-ին կայցելի Ադրբեջան' քննարկելու այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները' հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին:
Բաքվում Լինքը մի շարք հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց հետ, որոնցում կքննարկի Ադրբեջանի եւ ԵԱՀԿ-ի միջեւ համագործակցությանը վերաբերվող հարցեր:
Սա ԵԱՀԿ մարդու իրավունքների գրասենյակի տնօրենի պաշտոնում Լինքի' Ադրբեջան կատարելիք առաջին այցն է: Նա ԵԱՀԿ մարդու իրավունքների գրասենյակի տնօրենի պաշտոնում նշանակվել է 2014 թվականի հուլիսին, այդ պաշտոնում փոխարինելով Յանես Լենարչիչին:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները միաբերան հավաստում են Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի վիճակի մասին: Նշվում է, որ միայն 2015 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջանում 35-ից ավելի քաղաքացիական հասարակության ակտվիստներ, լրագրողներ, բլոգերներ եւ իրավապաշտպաններ են ձերբակալվել: Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թիվը հասնում է 100-ի: