Ս.թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանն ընդունեց ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Ն.Մուիժնիեկսիի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին, Ա. Նազարյանը նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է խորացնել առկա կառուցողական երկխոսությունը ԵԽ-ի հետ` ի նպաստ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության կարողությունների զարգացման և պաշտպանական բարեփոխումների շրջանակում զինված ուժերի կառավարման համակարգի կատարելագործման:
Հյուրերի խնդրանքով քննարկվեցին «Այընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին, զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան ելքով դեպքերի քննությանը, զինծառայողների մարդու իրավունքների պաշտպանության հարցերում քաղաքացիական հասարակության և Մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Պաշտպանության նախարարի տեղակալը հակիրճ անդրադարձավ նաև զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և ռազմաուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրերում «Մարդու իրավունքներ» առարկայի ներդրման ուղղությամբ կատարվող քայլերին:
Հանդիպման վերջում ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը շնորհակալություն հայտնեց բարձրացված հարցերին պատշաճ արձագանքելու համար: