Lurer.com-ը շարունակում է պարբերաբար անդրադառնալ ԱԺ մեծամասնականով ընտրված պատգամավորների գործունեությանը: Ընտրատարածքների բնակիչները հստակ թվերով պետք է տեղեկացվեն, թե իրենց «ընտրյալները», բացի ԱԺ բուֆետում սուրճ խմելուց, ինչով են զբաղվում այդ հույժ կարևոր պետական կառույցում: Դեմ չենք լինի անդրադառնալու նաև այն «ազգընտիրների» գործունեությանը, որոնց այս շարքում արդեն ներկայացրել ենք, սակայն ունեն կատարած, բայց մոռացության փոշիների տակ թաղված օրենսդրական նախաձեռնություններ՝ միտված իրենց տարածաշրջանների բնակիչների կյանքի բարելավմանը:
Հաջորդ մեծամասնականով ընտրված պատգամավորը, որն, անշուշտ, ԱԺ-ում է հայտնվել բացառապես իր բնատուր տաղանդի, աշխատասիրության և քաղաքական հարուստ կենսափորձի արդյունքում՝ Կարեն Բոթոյանն է: Ընթերցողների ճնշող մեծամասնությունը թերևս այդպես էլ չի կարողանա մտաբերել ԱԺ ամենաերիտասարդ պատգամավորներից մեկին, եթե չհուշենք, որ նա հայտնի «շինանյութի Սերգեյի»՝ «Եվրոպա» ռեստորանի սեփականատեր, շինանյութի առևտրով զբաղվող Սերգեյ Մանուկյանի փեսան է: Սա ամենևին չենք ասում՝ այս երիտասարդի նյութական կարողությունների սկզբնաղբյուրն ու նրա՝ ԱԺ-ում հայտնվելու պատճառը բացահայտելու համար: Մարդը պարզ, հոդաբաշխ հայերենով բացատրել է, որ աներոջ ֆինանսական միջոցները իրենը չեն և իր հույսը բացառապես իր հարազատ կուսակցությունն ու ժողովուրդն են: Նրա քաղաքական հավատամքը ևս ամրագրված է իր ճակատին՝ այնտեղ գրված է «Օրինաց երկիր», որի քաղխորհրդի անդամ է:
Իհարկե, շատերին կհետաքրքրի երիտասարդի կյանքի այն քանքարավոր ուղին, որը բացել է նրա ճանապարհը դեպի հայրենի Ազգային ժողով: Ծնվել է 1983թ. ապրիլի 26-ին Ալդան քաղաքում (ՌԴ, Յակուտիայի մարզ): 2002-2004թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2007թ. ավարտել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ընդերքաբանության եւ մետալուրգիայի դեպարտամենտը: 2011թ. ընդունվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի մագիստրատուրան: 2006-2009թթ. «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ում աշխատել է որպես տեսուչ: 2010-2012թթ. եղել է աներոջը պատկանող «Եվրոպա» ՍՊԸ-ի ճարտարագետ-վերահսկիչ, ապա' փոխտնօրեն: Հայրենի եզերքի ծաղկման ու զարգացման մտահոգությունը երիտասարդի քայլերն ուղղել է քաղաքական ասպարեզ, և նա 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 23 ընտրատարածքից, որն ընդգրկում է Սևան քաղաքը և հարակից գյուղերը: Ընդգրկված է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների կազմում:
Կարեն Բոթոյանի կենսագրության մեջ մի դրվագ, կարծես թե, բաց է մնացել: Չնայած համառ հերքումներին՝ մեր աղբյուրները պնդում են, որ մինչև «շինանյութի Սերգեյի» փեսան դառնալը' Բոթոյանը եղել է նրա անձնական թիկնապահը: Հետագայում առատաձեռն աները ջանք ու եռանդ չի խնայել՝ հայ ժողովրդի քաղաքական էլիտան հարստացնելու իր նախկին «ախրանիկ» փեսայով:
Այժմ անդրադառնանք երիտասարդ պատգամավորի բեղուն խորհրդարանական գործունեությանը:
Պարտաճանաչ պատգամավորը ոչ մի անգամ ԱԺ նիստերից չի բացակայել, սակայն փայլուն կատարել է կոճակ սեղմողի փառահեղ գործառույթը՝ 185 անգամ կողմ քվեարկելով ներկայացված օրինագծերին: Իհարկե, պատգամավորը խիզախություն է ունեցել նաև դեմ քվեարկելու, սակայն բացառապես ընդդիմադիր ուժերի ներկայացրած օրինագծերին: Իր խորհրդարանական ողջ գործունեության ընթացքում նա երկու անգամ է դեմ քվեարկել, մեկը ՀՅԴ-ի ներկայացրած նվազագույն աշխատավարձին վերաբերվող օրինագծին, մյուսը՝ «Ժառանգության» կողմից ընտրական օրենսգրքում առաջարկված փոփոխությանը: Մեկ անգամ ձեռնպահ է քվեարկել, ութ անգամ ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը: Հավանաբար Սևանը արծարծման կարոտ որևէ խնդիր չի ունեցել, որովհետև թիվ 23 ընտրատարածքի պատգամավորը երբևէ ելույթներ չի ունեցել և կառավարությանը հարցեր չի ուղղել:
Ահա այսպիսի մեծամասնական պատգամավորներ: Նրանք խորհրդարան են գնում բացառապես «ազգի մեծերի» հետ բարև-բարի լույս տալու, կերակրատաշտին առավել մոտ գտնվելու և իրենց քաղաքական կնքահայրերի անձնական ամբիցիաները բավարարելու համար:
Իրենց ֆունկցիաները չսերտած պատգամավորների «ուսուցողական շարքը» շարունակվում է: