«100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Այսօր՝ ապրիլի 7-ին, առավոտյան ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք (Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտան հարևանությամբ) են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ՝ ներկայանալով որպես Ազգային անվտանգության, Հատուկ քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցներ՝ Հատուկ քննչական կոմիտեի ավագ քննիչ Ռոման Սարդարյանի գլխավորությամբ:
Նրանք ներկայացրել են Հիմնադիր խորհրդարանի շենքում խուզարկություն իրականացնելու պահանջ:
Հիմնադիր խորհրդարան ժամանած փաստաբանին նրանք հրաժարվել են ներկայացնել խուզարկության հիմք հանդիսացող որևէ փաստաթուղթ և արգելել են նրան և ՀԽ ներկայացուցչին մուտք գործելու շենք:
Այս պահին «իրավապահները» գտնվում են Հիմնադիր խորհրդարանի շենքում:
Այս պահին «իրավապահների» մեկ այլ խումբ ներկայացել է Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Կարո Եղնուկյանի բնակարան:
Տեղեկացնում ենք, որ այսօր առավոտյան ձերբակալել են ՀԽ պատգամավոր ազատամարտիկ Պավել Մանուկյանին և այս պահին խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի և Կարո Եղնուկյանի բնակարանները»:
Հիմնադիր խորհրդարանը հայտնում է, որ րոպեներ առաջ բերման են ենթարկել «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին: