Այսօր Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ իրականացրած 26 անձ ոստիկանական բաժանմունքներ է տարվել։
Ոստիկանությունից հայտնել են, որ ակցիայի 26 մասնակից Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար այսօր բերվել է ոստիկանություն:
Հիշեցնենք, վաղ առավոտից բազմաթիվ քաղաքացիներ անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանի փողոցներում։ Փակվել են Մյասնիկյան պողոտան, Սարյան, Բուզանդ փողոցները, ինչպես նաև Մոսկովյան փողոցը:
Ակցիաներին մասնակցել են նաև Երևանի տարբեր դպրոցների աշակերտներ եւ բուհերի ուսանողներ։ Սարյան փողոցից այսօր բերման են ենթարկել նաև «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին։
Հիշեցնենք՝ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի' Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան։