Ապրիլի 21-ին, ժամը 11:30-ի դրությամբ ոստիկանության կողմից բերման է ենթարկվել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի 11 մասնակից: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ապրիլի 19-ին նշել էր, որ ոստիկանությունը շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ: «Եթե վարչական ձերբակալման օրենքով սահմանված ժամկետում բերված անձինք ազատ չեն արձակվում, ապա ընդունել ի գիտություն, որ նախաքննության մարմնի միջոցով ստուգվում է նրանց մասնակցությունը կատարված հանցագործություններին»,- ասել էր Ահարոնյանը:
Ապրիլի 20-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ էր արել ապրիլի 21-ի առավոտյան 11:00-ից կրկին փակել Երևանի փողոցները: Ապրիլի 21-ին Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները երթ են սկսել Նոր Նորքի զանգվածից: