ԱՄՆ-ի Արկանզասի նահանգի Քամդեն քաղաքում 116 տարեկան հասակում մահացել է Գերտրուդա Ուիվերը, որը Gerontology Research Group միջազգային գերոնտոլոգիական ծառայության տվյալներով, մոլորակի ամենածեր բնակչուհին էր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Associated Press գործակալության լրագրողներին հայտնել են թաղման բյուրոյի ներկայացուցիչները:
Երկրագնդի ամենատարեց կնոջ կոչումը Ուիվերը կրեց ընդամենը մոտ մեկ շաբաթ: Տիտղոսը նրան շնորհվել էր այն բանից հետո, երբ ապրիլի 1-ին կյանքի 118-րդ տարում վախճանվեց ճապոնուհի Միսաո Օկավան:
Լրագրողների հետ զրույցների ընթացքում Ուիվերը նշել է, որ իր երկարակեցության գաղտնիքը անփոփոխ լավ վերաբերմունքն է մարդկանց նկատմամբ, ինչպես նաեւ իր ձեռքով պատրաստված սննդի օգտագործումը:
Ծերանոցի ներկայացուցիչները, որտեղ ապրում էր ամերիկուհին, հայտնել են, որ նա սուր միտք ուներ եւ պատրաստվում էր իր ծննդյան տարեդարձի օրը՝ հուլիսի 4-ին, հրավիրել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: