ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 8-10-ը աշխատանքային այցով կգտնվի Ավստրիայի Հանրապետությունում: Այցի ընթացքում Արմեն Աշոտյանը հանդիպում կունենա Ավստրիայի Հանրապետության կրթության և կանանց հարցերի դաշնային նախարար տիկին Հայնիշ Հոզեկի հետ: Հայ աստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ավստրիայի Հանրապետության կրթության և կանանց հարցերի դաշնային նախարարության միջև կստորագրվի կրթության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

 

Այցի երկրորդ օրը նախարար Արմեն Աշոտյանը կհանդիպի Ավստրիայի գիտության, հետազոտությունների և արդյունաբերության փոխնախարար, Հայ-ավստրիական առևտրատնտեսական հանձնաժողովի համանախագահ Բեռնադետ Գիրլինգերի և Ավստրիայի գիտության, հետազոտությունների և արդյունաբերության փոխնախարար Էլմար Փիխլի հետ:

 

Այցի ընթացքում նախատեսվում է նախարար Արմեն Աշոտյանի ելույթը Ավստրիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվող Ֆրանց Վերֆելի ծննդյան 125-ամյակի և մահվան 70-րդ տարվան նվիրված հանդիսավոր միջոցառման շրջանակում:

 

Պատվիրակության կազմում են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը և ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը: