ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով նոյեմբերի 8-ին գտնվում էր Վրաստանի Հանրապետությունում: Այցի ընթացքում եղել են հանդիպումներ, քննարկումներ Վրաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Նոյեմբերի 8-ին Նախարարը հանդիպել է Վրաստանի Պրոբացիայի և պատիժների կատարման հարցերով նախարար Գեորգի Մգեբրիշվիլիին: Հանդիպման առաջին հատվածում քննարկվել են երկու երկրների իրավական համակարգերին առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձել են պրոբացիայի ինստիտուտի գործունեության վրացական փորձին:
ՀՀ արդարադատության նախարարը, կարևորելով հանդիպումը, նշել է, որ ծանոթ է պրոբացիոն համակարգում վրացական կողմի իրականացրած աշխատանքների արդյունավետությանը՝ ասելով, որ այդ ուղղությամբ ակնկալում է մանրամասն քննարկում, քանի որ Հայաստանը նոր է պատրաստվում ներդնել պրոբացիոն ծառայության ինստիտուտը: Երկուստեք փաստել են, որ երկու երկիրն էլ դեռևս ամբողջովին չեն ձերբազատվել արդարադատության համակարգում ԽՍՀՄ ժառանգությունից և կան խնդիրներ, որոնք արմատական լուծում են պահանջում: Վրաստանի Պրոբացիայի և պատիժների կատարման հարցերով նախարարը, ներկայացնելով պրոբացիոն համակարգում իրականցված աշխատանքները, նշել է, որ 2014 թվականի սեպտեմբերին պատրաստել են համակարգի բարեփոխումների փաթեթ, որի ներդրմամբ պրոբացիոն ծառայությունը առավել ճկուն կդառնա:
Նա վստահեցրել է, որ կհասնեն արդյունքի: Գեորգի Մգեբրիշվիլին շեշտել է, որ իրենց աշխատանքի առաջնահերթությունը մարդու իրավունքների ապահովումն է, որի վրա էլ հիմնականում կենտրոնացրել են բարեփոխումները: ՀՀ արդարադատության նախարարը ներկաներին ասել է, որ հետաքրքրված է պրոբացիոն համակարգի վրացական տարբերակով՝ նշելով, որ չնայած վրացական համակարգի հիմքում եվրոպական լավագույն փորձն է, այնուամենայնիվ, վստահ է, որ գործընկերներին հաջողվել է տեղայնացնել և սեփականը դարձնել ծառայությունը, քանի որ փորձը ցույց է տալիս, որ միջազգային փորձի մեխանիկական ընդօրինակումը հաճախ ցանկալի արդյունքի չի հանգեցնում: Հովհաննես Մանուկյանը կարևորել է հանդիպման բաց քննարկման ձևաչափը, ինչը թույլ կտա յուրաքանչյուրին ազատ ներկայացնել իր երկրի փորձը, վեր հանել սխալները՝ բացառելով դրանց հետագա կրկնությունը: Նախարարը նշել է, որ պրոբացիոն համակարգի ներդրմամբ պետք է ապահովել այնպիսի պայմաններ, որ մարդկանց հետագայում հասարակություն վերաինտեգրվելու հնարավորություն ընձեռվի:
Հանդիպման երկրորդ հատվածում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներն իրենց գործընկերների հետ առավել մանրամասն անդրադարձել են ՀՀ պրոբացիոն հայեցակարգի նախագծին, քննարկել են Վրաստանի պատժի կատարման համակարգի բարեփոխումները: Հայկական կողմը հետաքրքրվել է գործընկերների պրոբացիոն ծառայության մեթոդական և կառուցվածքային առանձնահատկություններով: Մանրամասն քննարկվել են Վրաստանի Պրոբացիայի և պատիժների կատարման հարցերով նախարարության քաղաքացիական և հատուկ-քրեակատարողական ծառայությունների դերն ու աշխատանքների բաշխման հստակությունը:
Քննարկման ավարտին ՀՀ արդարադատության նախարարը առավել ծավալուն աշխատանքային հանդիպումներ անցկացնելու նպատակով գործընկերոջը հրավիրել է Հայաստան. հրավերն ընդունվել է:
ՀՀ արդարադատության նախարարը հանդիպել է նաև Վրաստանի գլխավոր դատախազ Գեորգի Բադաշվիլիին: Գլխավոր դատախազին փոխանցելով հայաստանյան գործընկերոջ ողջույնը՝ ՀՀ արդարադատության նախարարը շեշտել է հանցագործության դեմ պայքարի գործում երկու երկրների միջև առկա սերտ համագործակցությունը:
Հովհաննես Մանուկյանը հետաքրքրվել է Վրաստանի գլխավոր դատախազության՝ արդարադատության նախարարության պատկանելիության կարգավիճակով: Գեորգի Բադաշվիլիին տեղեկացրել է, որ արդարադատության նախարարությունն իրականացնում է գլխավոր դատախազության միայն կազմակերպա-ֆինանսական հարցերը:
Վրաստանի գլխավոր դատախազը նախարարի ուշադրությունն է հրավիրել երկու երկրների միջև ձևավորված աշխատանքային առողջ և արդյունավետ համակգործակցությանը՝ շեշտելով, որ մեր երկրների միջև հանցավորության դեմ պայքարի հարցում չկան չլուծված խնդիրներ և, որպես կանոն, իրավական հարցերը լուծվում են անհապաղ, առանց անհարկի ձգձգումների:
ՀՀ արդարադատության նախարարը շեշտել է, որ երկու երկիրն էլ իրավական ինֆորմացիայի փոխանակման հարցում դեռևս անելիքներ ունեն, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ վրիպումները կարող են անցանկալի հետևանքներ ունենալ՝ հարևանի խնդիրը վերածվելով սեփականի:
Վրաստանի գլխավոր դատախազը կարևորել է, որ մեր երկրների քաղաքացիների կատարած հանցագործությունների պարագայում թե՛ Վրաստանը, թե՛ Հայաստանը արդյունավետ համագործակցում են իրավական փոխօգնության ոլորտում:
Կողմերը խոսել են նաև դատաիրավական բարեփոխումներից: ՀՀ արդարադատության նախարարն անդրադարձել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի դատաիրավական հատվածին: Այս համատեքստում փոխանակվել են մասնագիտական կարծիքներ: Վրաստանի գլխավոր դատախազը նշել է, որ դատախազությունը բարձրացրել է ապացույցների ստանդարտների նշաձողը և արդեն իսկ նկատելի են դրական արդյունքներ: Մասնավորապես՝ գլխավոր դատախազը ներկայացրել է, որ եթե 2012-ին դատապարտյալների և ձերբակալվածների ընդհանուր թիվը 27 հազար էր, ապա այժմ այն չի գերազանցում 7 հազարը: Նա նշել է, որ դա պայմանավորված է քրեական օրենսդրության առավել ազատականացմամբ, ինչը հնարավորություն է տալիս բացառել դեպքերի կրկնությունները:
Կողմերն անդրադարձել են նաև պատժի կատարման օրինականության նկատմամբ դատախազական հսկողությանը: Վրացական կողմը նշել է, որ շուրջ 6 տարի դատախազությունը պատժի կատարման օրինականության նկատմամբ հսկողություն չի իրականացնում և դատավճռի հրապարակման պահից դատախազի գործառույթներն ավարտվում են:
Անդրադառնալով համակարգի բազմամյա աշխատակիցների վերապատրաստմանը՝ գլխավոր դատախազը շեշտել է, որ հատուկ ուղեցույցներ են մշակվել քննչական մարմինների բազմափորձ ծառայողների համար:
Հանդիպման ավարտին ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ Գլխավոր դատախազի հետ առաջին հանդիպումը ունենալու է իր շարունակությունը ՝ ևս մեկ անգամ կարևորելով համագործակցությունն ու փորձի փոխանակման արդյունավետությունը:
ՀՀ արդարադատության նախարարի հաջորդ հանդիպումը Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիյայի հետ էր: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են տեղական իշխանությունների հետ Վրաստանի հայ համայնքի համագործակցությանը և տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման օրենսդրական կարգավորումներին: