Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովին սպանության պահին ուղեկցող ընկերուհու՝ Աննա Դուրիցկայի մոտ երկու բջջային հեռախոս է եղել, որոնցից մեկը նա նետել է աղբարկղը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրին:

 

«Սպանությունից անմիջապես հետո Դուրիցկայան մոտեցել է կամրջի վրա կանգ առած ձյուն մաքրող մեքենային և խնդրել վարորդին զանգահարել շտապօգնություն այն հիմքով, որ նա չի կարող դա անել` նյարդային ցնցման պատճառով: Վարորդը կանչել է բժիշկներին և հեռացել՝ հետևելով աշխատանքային հրահանգներին (իրավունք չունի մնալ միևնույն տեղում)»,- ասել է աղբյուրը:

 

Նրա խոսքով՝ ինչպես պարզվեց տեսահսկման համակարգի ձայնագրությունների ուսումնասիրության ընթացքում, Դուրիցկայան մոտեցել է աղբարկղին, որը ժամանակավորապես տեղադրված է եղել Մոսկվարեցկի կամրջի վրա և նետել այնտեղ ինչ-որ իր:

 

Աղբարկղը ստուգելուց հետո` այնտեղ հայտնաբերել են բջջային հեռախոսը, որը պատկանում էր Դուրիցկայային», - գրում է պարբերականը:

 

Ինչպես նշվել է, հայտնաբերված հեռախոսը ուսումնասիրվել է: Դրանում հայտնաբերվել է տեղադրված չիպ, որն ազդանշաններ էր արձակում:

 

«Հետաքննության համաձայն՝ այս բջջայինի միջոցով սպանության կազմակերպիչները հետևել են Դուրիցկային և Նեմցովին»,- գրում է թերթը:

 

Հեռախոսը, որից զանգ է կատարվել շտապօգնություն, Դուրիցկայան հանձնել է իրավապահ մարմիններին:

 

Աղբյուրը նշել է նաև, որ Դուրիցկայան հնարավոր է «գիտեր, որ իրեն օգտագործում են Նեմցովին հետապնդելու համար, բայց չի հասկացել վերջնական նպատակը»: