Մինսկի պայմանավորվածությունները կատարելու համար աշխատանքային խմբերի ստեղծումը Դոնբասում «խաղաղ կարգավորման գերակայությունն է»: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հակամարտող կողմերին այս կոչով դիմել են ԵԱՀԿ-ի գործող նախագահ Իվիցա Դաչիչը, Ուկրաինայում առաքելության ղեկավար Էրթոգրյուլ Ապականը եւ շփման խմբում կազմակերպության ներկայացուցիչ Հայդի Տալյավինին:
«Անվտանգության, քաղաքական, տնտեսական եւ հումանիտար հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը ներկայում հիմնական գերակայությունն է: Ես կոչ եմ անում հակամարտության կողմերին՝ աջակցել դրանց շուտափույթ ձեւավորմանը»,- հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Դաչիչը՝ ամփոփելով Ապականի եւ Տալյավինիի հետ Բելգրադում կայացած հանդիպման արդյունքները: Նա ընդգծել է, որ Մինսկի պայմանավորվածությունները մնում են «երկարաժամկետ կարգավորման հասնելու միակ մեխանիզմը»:
«Ուկրաինայի արեւելքում բնականոն կյանքը վերականգնելու համար անհրաժեշտ է քաղաքական գործընթաց, եւ Սերբիան՝ որպես ԵԱՀԿ-ի նախագահ, պատրաստ է աջակցել այդ գործընթացին»,- հավաստիացրել է Դաչիչը: Իր հերթին Տալյավինին նշել է, որ պատրաստ է շարունակել աշխատանքը հակամարտության կողմերի միջեւ ուղղակի շփումներ հաստատելու համար: Ապականն ընդգծել է, որ Ուկրաինայում ԵԱՀԿ-ի առաքելությանը «բոլոր կողմերի աջակցությունն» է անհրաժեշտ, որպեսզի նա կատարի հրադադարի ռեժիմին եւ սպառազինությունների հետքաշմանը հետեւելու իր խնդիրները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: