Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների, Կապանի և Էրեբունու բաժինների, ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, ապրիլի 8-ին' ժամը 15-ի սահմաններում, մայրաքաղաքի Արցախի փողոցից, կեղծ թղթադրամ պատրաստելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման են ենթարկել Տիգրան Եգանյանին, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 205 հատ 10 հազար դրամ անվանական ար ժեքով ՀՀ կեղծ թղթադրամ:

 

Եգանյանը խոստովանել է, որ նախկինում պատրաստել և իրացրել է կեղծ մետաղադրամներ: Նրա մատնանշած վայրից հայտնաբերվել է մի ամբողջ ընդհատակյա դրամահատարան՝ ինքնաշեն դրամահատ սարք, մասամբ պատրաստի մետաղադրամներ, կշռաքարեր, հումք, պարագաներ, որոնք անհրաժեշտ էին կեղծ դրամների արտադրություն ապահովելու համար:

 

Տիգրան Եգանյանի բնակության վայրում հայտնաբերվել են 236 հատ 1000 դրամ անվանական արժեքով պատրաստի կեղծ թղթադրամներ, 153 հատ Ա-4 ֆորմատի թղթի վրա չորսական տպագրված 1000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամի օրինակներ, նույնպիսի թղթի վրա՝ երեքական տպագրված 10 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամների օրինակներ և թղթադրամները կտրելու պարագաներ:

 

Շարունակելով օպերատիվ-հետախուզական գործողությունները՝ ոստիկանները նույն օրը բերման են ենթարկել նաև Երևանի բնակիչ, 1988թ. ծնված Տիգրան Ավետյանին:

 

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են դատանյութագիտական փորձաքննություններ: Մասնակից այլ անձանց հայտնաբերելու, կեղծ դրամներն իրացնելու վայրերը պարզելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:

 

Տիգրան Եգանյանն ու Տիգրան Ավետյանը ձերբակալված են: Կատարվում է քննություն: