Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Հայաստանում գործող բանկերից մեկի բանկոմատներով կեղծ թղթադրամներ են իրացվում։ ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ են ներմուծել բանկոմատ՝ փոխարենը ստանալով հայկական դրամներ։ Այլ կերպ ասած՝ արտարժույթի փոխանակման գործարք են կատարել։ 

Ոստիկանության ծառայողները, օպերատիվ տվյալները ստանալուն պես, ձեռնամուխ են եղել ծավալուն հետախուզական միջոցառումների, որոնց արդյունքում նրանց օպերատիվ տեսադաշտում հայտնվել է երկու երիտասարդ։ Քրեական հետախույզները կազմակերպել են դարանակալումներ՝ հետևելով նրանց շարժին։ Օրեր տևած միջոցառումների արդյունքում երիտասարդները փաստով բռնվել են։

Նոր Նորքի Նելսոն Ստեփանյան թիվ 44 հասցեում տեղակայված բանկոմատով կեղծ 100 դոլարանոցը դրամով փոխանակելու գործարքից անմիջապես հետո կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ոստիկանության Նոր Նորքի բաժնի գործընկերների հետ, երիտասարդներին բռնել են հենց դեպքի վայրում։ Այդ ընթացքում նրանցից Տիգրան Սարգսյանը մոտի դրամներն ու դոլարները նետել է փողոց։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է երեք հատ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ և տարբեր արժեքներով դրամներ։ 

Երիտասարդները բերման են ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ խուզարկվել են։ Նրանցից Գևորգ Ղազարյանի մոտ հայտնաբերվել է դարձյալ 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ։ 
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ Երևանի բնակիչներ Սարգսյանն ու Ղազարյանը 8 հատ կեղծ 100 դոլարանոց են իրացրել նաև փետրվարի 2-ին և 7-ին։ Գործարքները կատարվել են դարձյալ նույն բանկին պատկանող բանկոմատներով։ 

Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հենց նույն օրը հարուցվել է քրեական գործ։ Տիգրան Սարգսյանն ու Գևորգ Ղազարյանը ձերբակալվել են։ Հանգամանքները պարզվում են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում կատարվող նախաքննությամբ։