Թուրք իրավապահները ձերբակալել են Ստամբուլի երկու բնակիչների, ովքեր ծաղրել են փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի պատճառով փլատակների տակ մնացած մարդկանց, գրում է թուրքական Hürriyet լրատվական գործակալությունը։

Կասկածյալների կողմից արված տեսանյութը հրապարակվել է սոցիալական ցանցերում և բուռն արձագանք ու դատապարտում է առաջացրել։ Թուրքական հրապարակման համաձայն՝ կասկածյալների առնչությամբ հարուցվել են քրեական գործեր։

Մեղադրող կողմի տվյալներով՝ փլատակների տակ ընկած քաղաքացիները կասկածյալներից ահազանգեր են ստացել Discord-ի միջոցով։ Ամբաստանյալները փլատակների տակ մնացած մարդկանց ասել են. «Գալիս ենք ձեզ փրկելու», ինչը ուղեկցվել է ծիծաղով ու ծաղրական մեկնաբանություններով։ Սոցցանցերում հրապարակվել են այդ տեսանյութերը։

Կասկածյալները իրենց տներից բերման են ենթարկվել կիբերհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումների կողմից: Նրանցից առգրավվել է երկու բջջային հեռախոս և մեկ համակարգիչ։

Ավելի վաղ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել էր, որ երկրաշարժի հետևանքով զոհերիի թիվը հասել է առնվազն 3419-ի։ Ավելի քան 20,5 հազար մարդ վիրավորվել է։ Որոնողափրկարարական խմբերի ջանքերով փլատակներից դուրս է բերվել ավելի քան ութ հազար մարդ։ Փրկարարական աշխատանքներում ներգրավված է 12 181 մարդ։ Տրանսպորտային միջոցների մուտքը Հաթայ, Քահրամանմարաշ և Ադիյաման քաղաքներ դադարեցվել է 48 ժամով։ Բացառություն են կազմում բնական աղետի հետ կապված ապրանքներ մատակարարող տրանսպորտային միջոցները: