ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղյակ չէ՝ Քիմ Քարդաշյանը պետական ընդունելության արժանանալո՞ւ է, թե՞ ոչ: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ինքը՝ Գալուստ Սահակյանը:
Հարցին, թե ինքը հանդիպելո՞ւ է Քիմ Քարդաշյանի հետ, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ իր օրակարգում նման բան չկա:
«Քիմ Քարդաշյանն ամբողջ աշխարհում հայտնի անձնավորություն է, և մենք հպարտ պիտի լինենք: Ամբողջ աշխարհի ուշադրությունն այսօր Հայաստանում է: Մենք սիրում ենք ամենալավ բանը բամբասել, ամենավատ բանը՝ քարկոծել, հետո լավացնել: Աշխարհահռչակ տիկին է, և կարծում եմ, մենք պիտի արժանապատիվ ընդունելություն ցույց տանք»,- ասաց Սահակյանը:
Դիտարկմանն էլ, թե Քիմ Քարդաշյանը Հայաստան այցով ավելի մեծ գործ արեց Ցեղասպանության բարձրաձայնման գործում, քան դիվանագետներից շատերը, Գալուստ Սահակյանն ասաց. «Չասենք՝ դիվանագետներից շատ: Համենայն դեպս, նրան, ովքեր մեծ համբավ ունեն աշխարհում, օրինակ Շառլ Ազնավուրը, նրանք մեր ազգի զավակներն են և իրենց գործունեությամբ ու ճանաչելիությամբ նպաստում են մեր ժողովրդի ճակատագրի բարեփոխումներին»: