Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը Հայաստանի համար հերթական բացվող հնարավորությունն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

 

 

Նրա խոսքով' դա թույլ կտա Հայաստանին մեծացնել ապրանքաշրջանառությունը Իրանի հետ, դուրս գալ այն շուկան, ուր մինչ  այդ եղել են որոշակի սամանափակումներ: «Տարածաշրջանում դերակատարության իմաստով կարելի է ենթադրել, որ կարող են սրվել Իրան-Թուրքիա հարաբերությունները: Հարց է ի հայտ գալու, թե ինչպիսին է լինելու Իրանի փոխհարաբերությունները տարածաշրջանի այլ դերակատարների հետ, որոնք ևս շահագրգռված են այս տարածաշրջանում ազդեցություն ունենալու հարցում»,- ասաց քաղաքագետը:

 

 

Նրա կարծիքով' Իրան-Թուրքիա հարաբերությունների ֆոնին հետաքրքիր կլինեն Իրան-Եվրամիություն փոխարաբերությունները' հաշվի առնելով այն, որ Թուրքիայի եվրոպական ձգտումները վեջին տարիներին նվազում են:

 

 

Ապրիլի 2-ին Լոզանում Իրանն ու Վեցնյակի անդամները, որի կազմում են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը և Գերմանիան, երկարատև բանակցություններից հետո եկան ընդհանուր հայտարարի' շրջանակային համաձայնագրի կնքմամբ, որով նախատեսում է Իրանի միջուկային ծրագրի ծավալների կրճատում՝ միջազգային պատժամիջոցների աստիճանական վերացման դիմաց: