«Գյումրի» բժշկական կենտրոնը կշարունակի իրակնացնել «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատության (ոչ դեղապատ ստենտի տեղադրում)»/»Կյանքի ստենտ»/ ծրագիրը՝ համաձայն բուժհաստատության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը միջև կնքված հուշագրի: Ի դեպ, «Գյումրի» բժշկական կենտրոնը ծրագիր ընդգրկվել էր 2015 թվականի հունվարի 1-ից՝ հնարավորություն ստանալով 3 ամիս ֆինանսվորվել և ծրագիրն իրականացնել:

 

 

Այս ընթացքում կենտրոնում ոչ դեղապատ ստենտ է տեղադրվել 18 հիվանդի, նրանցից 2-ին, անհրաժեշտությունից ելնելով, տեղադրվել է 2 ստենտ: Ծրագիր ընդգրկված ամենածեր հիվանդը 85, իսկ երիտասարդը ՝ 26 տարեկան է: Այս մասին ապրիլի 9-ին «Գյումրի» բժշկական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:

 

 

Կարևորելով բնակչության համար կարևոր այս ծրագիրը՝ Արմեն Իսահակյանը փաստեց, որ նույնիսկ շատ զարգացած երկրներում նմանատիպ ծրագրեր չեն գործում, փոխարենը, ի ուրախություն մեզ, այն ՀՀ-ում կշարունակվի, ավելին, ապրիլի 1-ից ավելի շատ հիվանդանոցներում կիրականցվի այս ծրագիրը: Մինչ այս ծրագիրն իրականացվել է 4 երևանյան և 2 մարզային կենտրոններում, իսկ ապրիլի 1-ից ծրագիր կընդգրկվեն ևս 4 կենտրոններ: Այս պահի դրությամբ՝ 10 կենտրոն ունի ծրագիրը կազմակերպելու և իրականացնելու հնարավորություն: «Ապրիլի 1-ով նորից կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Ծրագիրն ուղղակի մարդու կյանքը փրկելու ծրագիր է ու շատ պահանջված»,- նշեց Արմեն Իսահակյանը:

 

 

Ծրագրի շրջանակներում վիրահատությունն իրականացվում է անվճար՝ ծրագիր ընդգրկվում են սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդները: Սրանք հիմնականում անհետաձգելի դեպքերն են: Բազմաթիվ հետազոտությունների հիման վրա պարզ է դարձել, որ սուր ինֆարկտով հիվանդերի մոտ ստենտավորումը բերում է կյանքի տևողության և կյանքի որակի լավացմանը:

 

 

Հիվանդը կարող է ցանկության դեպքում հրաժարվել ոչ դեղապատ ստենտից և ստանալ դեղապատ ստենտ, բայց, այս դեպքում, այս ծառայությունը վճարովի է: Այս ընթացքում Գյումրիում 6 հիվանդ հրաժարվել է այս ծրագրից՝ հայտնելով  ստենտի տեղադրման ցանկություն, բայց ոչ դեղապատ ստենտի ծրագրից հրաժարվելով, հիվանդը վճարելու է դեղապատ ստենդի ողջ արժեքը:

 

 

Խոսելով ստենտավորման առավելությունների մասին՝ կենտրոնի ինվազիվ ծառայության ղեկավար, սրտաբան Կարեն Միքայելյանը նշեց, որ զուտ դեղորայքային բուժում ստացող, սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդների մոտ մահացության ցուցանիշները բարձ են՝ հասնում մինչև 35 տոկոսի: Միջազգային վիճակագրական ցուցանիշներով՝ ստենտավորման դեպքում, մահացության ցուցանիշն իջնում է մինչև 3-5 տոկոսի:

 

 

Արմենուհի Մխոյան