Անպտղության խնդիրների բուժման նպատակով դիմողների քանակը ընդհանուր հիվանդների թվաքանակի մեջ 10-15% է, որոնց մոտ 60%-ը գալիս են Երևանից, 40%-ը' մարզերից: Ընդ որում, մարզերից դիմողների շարքում անպտղության դեպքերը առավել շատ են լինում' պայմանավորված հիմնականում գյուղերում սոցիալ-կենցաղային դժվար պայմաններով: Այդ մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի (Մամոգրաֆիայի կենտրոն) տնօրեն Խաչանուշ Հակոբյանը' մատնանշելով, որ այս խնդիրը հատուկ է բոլոր հասարակություններին, տարածված է նաև Հայաստանում:
«Դիմողների շարքում հիմնականում նորապսակներ են, որ 2-3 տարի չհղիանալուց հետո դիմում են: Կա ընտանիք, որտեղ ամուսնությունից մեկ ամիս անց սկեսուրը ստիպում է հարսին գնալ ստուգման' ասելով, թե դու չբեր ես: Բայց դա անգրագիտություն է»,- ասաց Խաչանուշ Հակոբյանը:
Կենտրոնի տնօրենի խոսքով, իրենց մոտ 2012 թվականի ընթացքում 10 երեխա է ծնվել, որոնց անունները դրել են «հրաշք երեխաներ»: «Երբ մեզ դիմում են անպտուղ զույգեր, մենք ամենաառաջինը ստուգում ենք ամուսնուն: Քանի որ շատ հաճախ ընտանիքներում առաջանում են անհամաձայնություններ, բայց մեկ էլ պարզվում է, որ պատճառը ամուսինն է: Ընդհանուր առմամբ կենտրոնում 108 երեխա է արդեն ծնվել»,-ասաց Խաչանուշ Հակոբյանը:
Մամոգրաֆիայի կենտրոնի տնօրենի խոսքով, անպտղության պատճառը հիմնականում վիրուսներն են լինում, հազվադեպ լինում են ի ծնե հիվանդություններ:
«Բնականաբար, այնտեղ մրսելը, իրենց չհետևելը, այդ բոլորը նշանակություն են ունենում: Հետո շատ կարևոր է, երբ ամուսինները գնում են արտագնա աշխատանքի, և բերում, իրենց կանանց վարակում են մի շարք վիրուսային ինֆեկցիաներով, որոնց արդյունքում առաջանում է անպտղություն»,- ասաց Խաչանուշ Հակոբյանը:
Կենտրոնի տնօրենը նորապսակ զույգերին խորհուրդ տվեց մինչև երկու տարի երեխաներ չունենալու դեպքում չանհանգստանալ անպտղության խնդիրներով:
«Մեկ-մեկ էլ լինում է, որ լուրջ խնդիր չեն էլ ունենում: Ուղղակի սխալ բուժման, ոչ էֆեկտիվ սխեմաների մշակելու արդյունքում իրենք երկար տարիներ տառապում են: Մի հիվանդ ունեինք, ով 16 տարի չէր հղիացել: Դիմելուց հետո մի շատ հասարակ, առօրեական վիրուս էր պատճառը: Բուժելուց հետո կինը 4 երեխա ունեցավ»,-ասաց Խաչանուշ Հակոբյանը: