Թուրքիայում 6 կազմակերպությունների կողմից ստեղծված «Վերջ 100-ամյա ժխտմանը նախաձեռնությունը» ծրագրել է ապրիլի 24-ին Ստամբուլի եւ Դիարբեքիրի հրապարակներում «Ճանաչիր, ներում հայցիր, կարգավորիր, փոխհատուցիր» պահանջով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիաներ անցկացնել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով bianet.org կայքը, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հիշատակի արարողությունների նախաձեռնողները մեկնարկելու են հայ մտավորականների ձերբակալության վայր՝ ներկայիս Թուրքական եւ իսլամական ստեղծագործությունների թանգարանից: Այդտեղից երթով շարժվելու են դեպի Հայդարփաշայի երկաթուղային կայարան, այնուհետեւ այցելելու են թուրքական բանակում զինծառայության ընթացքում հայ լինելու համար սպանված Սեվակ Բալըքչըի գերեզման: Երթն ավարտվ ելու է երեկոյան Թաքսիմ հրապարակում:

 

Դիարբեքիրում նախաձեռնության երթը սկսվելու է Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից: Հայոց ցեղասպանության զոհերի զավակները եւ թոռները հիշատակելու են Ցեղասպանությանը զոհ գնացած հայ եւ ասորի նահատակներին:

 

Նախաձեռնության հեղինակներն են «Անատոլու մշակույթի եւ հետազոտությունների միությունը» (AKA-DER), Մարդու իրավունքների կազմակերպության (IHD) Ռասիզմի եւ խտրականության դեմ հանձնաժողովը, «Նոր Զարթոնք»-ը, «Թուրաբդին ասորական միությունը», «Առերեսման պլատֆորմը», «Զան սոցիալքաղաքական տնտեսական հետազոտությունների հիմնադրամը»: Նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել Լոնդոնի «Կոմիտասի ինստիտուտը», Եվրոպայի հայկական կոմիտեն (Armenian Council of Europe) եւ Փարիզի Collectif Van նախաձեռնությունը:

 

Անկացվելիք ակցիաներից հետո կազմակերպիչները եւ մասնակիցները Եեկու քաղաքներում էլ հանդես կգան բացօթյա հրապարակային մամուլի ասուլիսով:

 

Նախաձեռնության կազմակերպիչները հայտարարել են, որ Ցեղասպանության ճանաչման համար եւ ժխտման դեմ իրենց պայքարը չի ավարտվելու ոչ 2015 թվականի ապրիլի 24-ին, ոչ էլ 2015 թվականի դեկտեմբերի 31-ին: