Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ մատուցված պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապի խոսքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

 

Վարչապետը նշել է, որ եթե արտաքին գործոնները չլինեին, հավանական է, որ 1915 թվականի ցավալի իրադարձությունները տեղի չունենային: «Հռոմի հարգելի պապին և նրա զբաղեցրած պաշտոնին վայել չէ այս ցավերը միակողմանի մեկնաբանելը և մարդկության զավակների միայն մի հատվածի ցավերը սեփականացնելով' մյուսների ցավերը ծածկելը: Խաղաղության մթնոլորտը ստեղծվում է միայն ցավերը և, մասնավորապես, պատերազմական ժամանակաշրջանում տեղի ունեցած ցավերը կիսելու, այդ ցավերը փոխադարձաբար հասկանալու և այդ ցավերին արդար հիշողությամբ տեր կանգնելու ժամանակ»,- նշել է Դավութօղլուն:

 

Ապրիլի 12-ին Վատիկանում կայացած պատմական պատարագի ժամանակ Հռոմի պապը նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքը արյունահոսի: «Սիրելի հայ եղբարներ և քույրեր, տարբեր առիթներով սահմանել եմ, որ ապրում ենք պատերազմի ժամանակաշրջան, որովհետև ներկա ենք ավերածությունների խենթությանը, որոնք ցավոք այսօր շարունակվում են: Մեր քրիստոնյա եղբայրներից շատերը նաև իրենց ազգային պատկանելության համար դաժանորեն սպանվում են, գլխատվում, խաչվում, կենդանի այրվում կամ բռնի կերպով տեղահանվում: Այսօր ևս, ցավոք , դեռ ապրում ենք մի տեսակ ցեղասպանություն, որի պատճառը համընդհանուր լռությունն է»,- ասել է Հռոմի պապը: