Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապը հունիսի 5-ին Վատիկանում հանդիպել է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ: Երկու առաջնորդները միասին աղոթել են Առաքելական պալատի Փրկության մայր տաճարում: Արամ Ա-ին ուղղված ուղերձում Հռոմի պապը վերհիշել է հայ ժողովրդի կրած տառապանքները' նշելով, որ դրանք պետք է ընկալվեն և մեծարվեն որպես Քրիստոսի մարմնին հասված վերքեր:
«Մեկ ամիս առաջ պատիվ ունեցա ընդունելու Նորին Սրբություն Գարեգին Բ կաթողիկոսին: Այսօր ես ուրախ եմ ողջունել Նորին Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին: Ձեզ հետ համատեղ ես շնորհակալություն եմ հայտնում Տիրոջը մեր եղբայրական հարաբերությունների շարունակական ամրապնդման համար: Ես իրական պարգև եմ համարում Աստծու կողմից, որ մենք ի վիճակի ենք միասին կիսել հանդիպումի և աղոթքի այս պահը… Վեհափառ Տերը ներկայացնում է քրիստոնեական աշխարհի այն մասնիկը, որը պատմության մեջ անդառնալիորեն նշանավորվել է Աստծո հանդեպ իր ունեցած սիրո համար կրած փորձություններով ու տառապանքներով: Հայ Առաքելական եկեղեցին և հայ ուխտավոր ժողովուրդը յուրահատուկ ձևով են վերապրել «ճանապարհորդությունը դեպի Աստծո արքայություն»: Մեծ թվով հավատացյալների վերապրածը, գաղթի, հալածանքների և նահատակության պատմությունը խոր վերքեր է թողել բոլոր հայորդիների սրտերում: Մենք պետք է ընկալենք և մեծարենք դա, ինչպես Քրիստոսի մարմնին հասցված վերքերը»,- նշել է պապը:
Հռոմի Կաթոլիկ եկեղեցու Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի և եղբայրական այցով Վատիկան մեկնած Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպումը կայացել է մայիսի 8-ին Առաքելական պալատում: