Վատիկան կատարած իր կարճատև այցելության վերջին օրը՝ ապրիլի 13-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը հանդիպումներ է ունեցել Վատիկանի բարձրաստիճան պաշտոյաների հետ: Առաջին հերթին Վեհափառ Հայրապետն իր իջևանած հյուրանոցում Կիպրոսի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նարեկ Արքեպիսկոպոս Ալեմեզյանի ներկայությամբ հանդիպում է ունեցել Վատիկանի պետական քարտուղար Կարդինալ Բարոլինիի հետ: Ինչպես տեղեկանում ենք Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքից, հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն իր գոհունակությունն է հայտնել Կարդինալին՝ Ցեղասպանության վերաբերյալ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի կատարած հայտարարության համար:
Հանդիպման ընթացքում նաև քննարկվել է Լիբանանի նախագահի ընտրության հարցը: Կարդինալը հայտնել է, որ առաջիկա օրերին իր ներկայացուցիչը պետք է մեկնի Լիբանան, որպեսզի ավելի մոտիկից զբաղվի այդ հարցով:
Նորին Սրբությունն այցելել է նաև Վատիկանի միջեկեղեցական հարաբերությունների կենտրոնատեղի, որտեղ նրան ընդունել են նախագահ Կարդինալ Քոխը և նրա օգնականները: Հանդպիման ընթացքում Վեհափառ Հայրապետը պարզել է միջեկեղեցական շարժման ներկա երևույթները, իր դրական և բացասական կողմերով՝ միաժամանակ ներկաների հետ կիսելով իր անձնական տեսակետները: Ապա Վեհափառը պատասխանել է իրեն ուղղված հարցերին:
Երրորդ հանդիպումը տեղի է ունեցել Արևելյան Կաթողիկե եկեղեցիների բաժանմունքի նախագահ Կարդինալ Սանտրիի հետ: Հանդիպմանը ներկա են եղել բաժնի բոլոր պատասխանատուները: Քննարկման նյութ են դարձել Միջին Արևելքի ներկա վիճակն ու հատկապես քրիստոնյա համայնքների դիմագրաված մարտահրավերները:
Նորին Սուրբ Օծության հետ վերոնշյալ հանդիպումներին մասնակցել են նաև Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգիսյանը, Կիպրոսի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերշնորհ Տեր Նարեկ Արքեպիսկոպոս Ալեմեզյանն ու Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Շահե եպիսկոպոս Փանոսյանը:
Նախքան Վատիկանից մեկնելը, Վեհափառ Հայրապետը մի շարք հարցազրույցներ է ունեցել Վատիկանի և Իտալիայի մամուլի ներկայացուցիչների հետ: