Շարունակելով ներկայացնել պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունը՝ այսօր կանդրադառնանք Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանին:
Եվ այսպես՝ 2021 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ Հաշվեքննիչ պալատի նորանշանակ նախագահ Ատոմ Ջանջուղազյանը որոշել է սլաքները ուղղել իր թիմակիցների կողմը և վերհանել առաջին հերթին նրանց գերծախսերը և պարգևավճարները։ Մինչդեռ չմոռանանք, որ 44-օրյա պատերազմի օրերին հենց Ջանջուղազյանի ղեկավարած ֆինանսների նախարարությունում 73 միլիոն դրամի պարգևավճարներ են բաժանվել։ Շատ լավ է, իհարկե, որ մյուս գերատեսչությունները գտնվում են խոշորացույցի տակ, սակայն շատերին այն ժամանակ հետաքրքիր էր` կհերիքի՞ Ատոմ Ջանջուղազյանի դուխը և օբյեկտիվությունը ուսումնասիրել նաև իր կողմից պատերազմի թեժ պահին բաժանած միլիոնների հիմնավոր լինելու փաստը, թե ոչ։ Ինչպես տեսնում ենք՝ դեռևս չի հերիքել:
Հաշվեքննիչ պալատին շատերն էին մեղադրում նաև այն բանում, որ վերջինս հետևողական չի և այս կառույցի կատարված բացահայտումները գրվում են սառույցին: Դիցուք՝ ստուգումներ էին ընթանում Սյունիքի մարզպետարանում։ Նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին արդեն փոխարինելու է եկել Ռոբերտ Ղուկասյանը: Պալատի կողմից իրականացվել է մարզպետարանի կողմից պետական բյուջեի մուտքերի ձևավորման և ելքերի իրականացման կանոնակարգված գործունեության հաշվեքննություն: Դեռ պարզ չէ, թե ինչպիսի արդյունքների կբերեն այդ ուսումնասիրությունները, սակայն մամուլը բազմիցս էր գրել մարզպետարանում առկա խնդիրների մասին: Ջանջուղազյանի թիրախում այս ընթացքում հայտնվեց նաև էկոնոմիկայի նախարարությունը: Պարզվել է, որ նախարարությունը պետական աջակցության ծրագրով սուբսիդավորվող վարկերը նախատեսվածից բարձր տոկոսադրույքով է տրամադրել ֆերմերներին:
Այս ընթացքում Հաշվեքննիչ պալատի նախագահը աչքի ընկավ նաև մեկ անձից կատարված ՝ միլիոնների հասնող գնումներով: Այսպես՝ 54,000 դրամի ներկայացուցչական ծառայություններ են ձեռք բերվել «Զով Վոթըր» ՍՊԸ-ից, 121,000 դրամի կապարային մարտկոցներ՝ «ԱՐՊԱՆԻՎ»-ից, 101,200 դրամի ներկայացուցչական ծառայություններ «ԷՄ ԲԻ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից, 312,000 դրամի անիվներ «ԱՐՊԱՆԻՎ»-ից, 860,000 դրամի մեքենաների մասեր՝ «ԱՏ ՑԵՆՏՐ» ՍՊԸ-ից, 72,000 դրամի ներկայացուցչական ծառայություններ Գայանե Մելքոնյան ԱՁ-ից, 580,000 դրամի ավտոմեքենաների պահեստամասեր «Սմարթ Սիստեմ» ՍՊԸ-ից, 372,130 դրամի ներկայացուցչական ծառայություններ «Ջիվան Ռեստորանս» ՍՊԸ-ից։ 6,794,664 դրամի տարածքի վարձակալության ծառայություն՝ Արթուր Մանուկի Զաքարյանից, 22,068,000 դրամի տարածքի վարձակալության ծառայություն՝ Վարդանանց բիզնես կենտրոնից։
Մյուս կողմից՝ օբյեկտիվության համար պետք է նշենք, որ որոշ կարևոր բացահայտումներ այս ընթացքում Ջանջուղազյանն, ամեն դեպքում, արել է: Հաշվեքննիչ պալատը կատարողականի հաշվեքննություն է իրականացրել Առողջապահության նախարարությունում (ԱՆ) նոր կորոնավիրուսային համավարակով (COVID-19) պայմանավորված բյուջետային ծախսերի իրականացման նկատմամբ: Հաշվեքննության արդյունքում արձանագրվել է, որ ընթացիկ հսկողական և հաշվետվողական համակարգերի ոչ ամբողջական ներդրման, որոշ դեպքերում նաև դրանց ամբողջությամբ բացակայության հետևանքով, համավարակի նպատակով հատկացված ֆինանսական միջոցները նպատակային և ծախսարդյունավետ ձևով չեն օգտագործվել։ Բացահայտվել են նաև մի շարք այլ խախտումներ, խեղաթյուրումներ: