Շարունակելով շարքը, որտեղ մանրամասն ուսումնասիրում ենք ՀՀ պաշտոնյաների աշխատանքի արդյունավետության ՕԳԳ-ն, այսօր կանդրադառնանք առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին:
Եվ այսպես՝ Բժիշկ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «ԱՀԿ-ն իր Covid-19-ի վերաբերյալ զեկույցում նշել է, որ Հայաստանում Covid-19-ի ավելցուկային մահերի թիվը ուռճացված է, ինչին ի պատասխան առողջապահության նախարարությունը սկսել է արդարանալ և մեղքը գցել հաշվարկների տեխնիկական խմբի գործունեության վրա, որ «պատահականության» և/կամ «տեխնիկական սխալի» արդյունքում, ավելցուկային մահերի մեջ ներառվել են նաև 44-օրյա պատերազմի արդյունքում մահացած անձինք»:
2022-ին ԱԺ Առողջապահության և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն Ավանեսյանից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է նախարարությունը պարգևատրել 4 աշխատակցի այն դեպքում, երբ չի ունեցել աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներ և այդպիսով չի պահպանել օրենքի պահանջը։ Անահիտ Ավանեսյանն ամեն կերպ փորձել է խուսափել պատասխանից, սակայն Ա․Մանուկյանի համառ հարցադրումներից հետո, ի վերջո, ստիպված է եղել խոստովանել. «Այո՛, ընդունում ենք, որ 2020թ․ ընթացքում եթե չէր ունեցել իր աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներ, ուրեմն պետք է պարգևատրումից զերծ մնալ։ Բայց հաշվի առնելով ստեղծված իրադրությունը՝ պարգևատրման, այդուհանդերձ, ներկայացվել է»։ Այսինքն՝ նախարարն ընդունում է, որ թերացել են:
Մեկ տարի առաջ հասարակության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց սոցցանցերում հրապարակված լուսանկարը, որտեղ երևում էր, որ Աբովյանի դիահերձարանում պոլիեթիլենային պարկերով զինծառայողների մասունքներ են նետված գետնին։ Դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից: ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել էր խիստ նկատողություն: Բայց ահա Անահիտ Ավանեսյանը որոշել է սահմանափակվել ներողություն խնդրելով, չնայած պարզ է, որ սա առաջին հերթին հենց իր բացթողումն էր:
Միևնույն ժամանակ արձանագրենք նաև Ավանեսյանի կողմից կատարված դրական քայլերը; Դիցուք՝ մշակվել է առանցքային բարեփոխումներից մեկի' առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման օրենքի նախագիծը: Ձևավորվել են փորձագիտական խմբեր, իրականացվել է գների հետազոտություն, որի հիման վրա կազմվել է հիմնական ծառայությունների փաթեթը և ծախսերի հաշվարկը: Բարեփոխման վերջնանպատակն է հիմնական բժշկական ծառայություններից օգտվելու հասանելիության բարելավումը, ֆինանսական պաշտպանվածության մակարդակի բարձրացումը, մահացության և հիվանդացության բեռի նվազեցումը: Առողջապահության ոլորտի մարդկային ռեսուրսների զարգացման նպատակով ներդրվել է բժիշկների լիցենզավորման համակարգ: Ստեղծվել է անկախ փորձագետներից կազմված էթիկայի հանձնաժողով' բժշկական կենտրոններում բուժաշխատողի կողմից էթիկայի կանոնների խախտումները քննելու համար: