Հետհաղափոխական Հայաստանի պաշտոնյաները շարունակում են հանրությանը հաշվետվություններ ներկայացնել իրենց բեղմնավոր աշխատանքի արդյունքների վերաբերյալ: Սակայն, ուշագրավն այն է, որ այդ արդյունքների առավել խորքային ուսումնասիրության արդյունքում վեր են հանվում որոշ փաստեր, որոնք ակնհայտորեն խոսում են այն մասին, որ գործող պաշտոնյաները մեծամասամբ փիառվում են իրենց նախորդների կատարած գործերով, իսկ իրենց աշխատանքի բաժինը տվյալ ոլորտի զարգացման մեջ կամ չնչին է, կամ ընդհանրապես բացակայում է: Դիցուք՝ ‹‹Հայաստան›› համահայկական հիմնադրամի ղեկավար Հայկակ Արշամյանը և նախկին ղեկավար Արա Վարդանյանը: Իհարկե, հասկանալի է, որ օբյեկտիվորեն Վարդանյանը ավելի երկար է ղեկավարել և հետևաբար ավելի շատ արդյունավետ ծրագրեր է գրանցել իր հաշվին: Սակայն, հիմնադրամի 2019 թվականի հաշվետվությունը կարծես ամբողջությամբ հղում էր անում հիմնադրամի՝ հենց նախկինում ունեցած ձեռքբերումներին:
Օրինակ՝ Հայաստան Համահայկական հիմնադրամի 2019 թվականի գործունեության հաշվետվության մեջ անչափ հուզիչ պատմություններ են ներկայացված այն մասին, թե ինչպես են հիմնադրամի աջակցությամբ Աղետի գոտու մի շարք ընտանիքներ ազատվել այսպես կոչված` դոմիկներից: Նշենք, որ այս ծրագիրը նոր չէ: 2015թ.-ից ‹‹Հայաստան›› համահայկական հիմնադրամը Գյումրիում տնակներում ապրող ընտանիքներին բնակարաններով է ապահովում: Դոմիկներն աստիճանաբար ջնջվում են Գյումրիի համայնապատկերից: Ծրագրի իրականացման ընթացքում 45 ընտանիք (44-ը` Գյումրիում, 1-ը` Վանաձորում) տնակից տեղափոխվել է լուսավոր, ընդարձակ, վերանորոգված, կահավորված և գեղեցիկ բնակարաններ:
Ցիտենք հաշվետվության մյուս հատվածը, որը վերաբերվում է Արցախում առողջապահական ծրագրերի իրականացմանը: Պետական 17 բուժհաստատությունների շարքում առանձնանում է ժամանակին հիմնադրամի ջանքերով կառուցված Հանրապետական բժշկական կենտրոնը, որ հանգիստ կարելի է կոչել երկրի գլխավոր կամ մայր հիվանդանոց։ Կենտրոնի փոխտնօրեն Արևիկ Ալեքսանյանը հիշում է, թե 2013-ին ինչպես հին ու խարխուլ հիմնարկից եկան նոր շենք. երկու տարի անընդմեջ այստեղ իրականացվել է «Բժշկական առաքելություն» ծրագիրը, որի կայացմանը տեղում մեծապես օժանդակել է նաև Արևիկը։ Ծրագիրը միայն երկու տարի չէ, որ գործում է: 2015 թվականից ի վեր «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի գրասենյակը համագործակցում է «Գլենդեյլ ադվենտիստ» բժշկական կենտրոնի բուժաշխատողների հետ, կազմակերպում նրանց այցը Հայաստան և Արցախ՝ ի նպաստ հայրենի բժշկության զարգացման։
Հաշվետվության Շոշի վերելքը գլուխը նույնպես արժի ցիտել: «Արցախում շատ են էն գյուղերը, ուր աչքի ընկնող, նորակառույց բոլոր շենքերը կառուցել է հիմնադրամը, Ասկերանի շրջանի Շոշը դրանցից մեկն է, որտեղ նոր՝ 21-րդ դարում վեր են խոյացել համայնքային բազմագործառնական կենտրոնը, եռահարկ դպրոցը, այժմ էլ՝ մանկապարտեզը։ Շոշի օրինակով կարելի է տեսնել, թե Հիմնադրամի հետևողականության շնորհիվ ինչպես է պատերազմից տուժած գյուղն անհրապույր ապրելատեղից հետզհետե վերածվել հաճելի բնակավայրի»։ Ինչպես հասկանում ենք, հաշվետվությունը կազմողները որոշել են գովերգել հիմնադրամի աշխատանքները, դա հասկանալի է և գովելի, սակայն հասկանալի չէ, թե վերը նշվածը ինչպես է առնչվում հենց 2019 թվականի հիմնադրամի գործունեության հետ:
Մյուս գլուխը կոչվում է ՝ «Նոր Հայաստանին հարիր Նոր մանկապարտեզ»: «Ո՞ր մի բառով ներկայացնես Իջևանի նորակառույց մանկապարտեզը՝ ամենամե՞ծ, ամենաթա՞նկ, ամենաինքնատի՞պ, ամենասպասվա՞ծ… Բոլորն էլ ճիշտ են՝ հիմնադրամն իր օրոք ավելի մեծ մանկապարտեզ չէր կառուցել, քաղաքն անկախությունից ի վեր ընդհանրապես նորակառույց մանկապարտեզ չէր տեսել»,-նշվում է հաշվետվության մեջ: Սակայն, նշենք, որ մանկապարտեզի կառուցման ծրագիրը հաստատվել է, և այն սկսել է կառուցվել դեռևս 2017 թվականի փետրվարին:
2018 թվականի հաշվետվության մեջ էլ նշվում է Աղձքի մսուր-մանկապարտեզի գործարկումը: Սակայն, նշենք, որ մանկապարտեզի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2018թ. մայիսին, բայց քանի որ ներքին և արտաքին հարդարման կարիք կար, բացումից հետո այն չի գործել, և երեխաների առջև դռները բացվել են միայն 2019-ի ապրիլին: