Արմավիրի քաղաքապետի պաշտոնում Դավիթ Խուդաթյանի ընտրությունը շատերի կողմից դիտարկվեց իբրև հեղափոխությունը մարզեր արտահանելու կարևորագույն քայլ: Խուդաթյանն էլ իր հերթին ընտվելուց հետո հպարտանում է մի շարք ձեռքբերումերով, որոնց ավելի խորքային դիտարկման դեպքում, սակայն, պարզ է դառնում, որ դրան մեծ մասով ներկայիս քաղաքապետը պարտական է իր նախորդին ՝ Ռուբեն Խլղաթյանին:
Խուդաթյանը հպարտանում է երեք հիմնական ձեռքբերումներով՝ աղբահանության խնդրի լուծում, լուսավորության և գյուղատնտեսական խնդիրների: Արմավիր քաղաքում հայ-չեխական «Գրինէկո-Կաս» ՍՊԸ-ն նսխատեսել էր կառուցել աղբի վերամշակման գործարան եւ ջերմոցային տնտեսություն հիմնել: Այդ մասին որոշումը ընդունվել է և համաձայնությունը կողմերի միջև ձեռք է բերվել դեռևս 2015 թվականին: Աղբի վերամշակման գործարանի կառուցման և ջերմոցային տնտեսություն հիմնելու համար ընկերությունը 17 մլրդ 490 մլն ՀՀ դրամի չափով (մոտ 37 միլիոն դոլլար) ներդրում պետք է իրականացներ:
Քաղաքի լուսավորության խնդիրը իրենք արմավիրցիները այսօր բնավ էլ լուծված չեն համարում: Արմավիր քաղաքի «Լուսավորություն» ՀՈԱԿ-ի աշխատանքների ամենաբեղուն շրջանը թերևս 2016-2018 թվականներն էին, հենց այս ընթացքում են լուսավորվել քաղաքի փողոցների մեծ մասը:
Ինչ վերաբերվում է Խուդաթյանի երրորդ հաջողությանը՝ ԵՄ-ից գյուղատնտեսությանը աջակցող վարկեր ստանալուն, ապա փաստենք, որ Արմավիր քաղաքում ԵՄ կողմից գյուղատնտեսության աջակցման տարբեր ծրագրեր լայն թափ են ստացել հենց նախկին քաղաքապետի օրոք:
ՔՊ-ական քաղաքապետի պարծանքի հաջորդ առիթն էլ քաղաքում ջրագծերի փոփոխությունն է և ջրի որակ բարելավումը: Նշենք, որ ջրամատակարարման շարունակական բարելավման նպատակով 2017 թվականից սկսած Արմավիր քաղաքում ուսումնասիրություններ են կատարվել և պարզ էր դարձել, որ առաջնային լուծման ենթակա խնդիր էր ամբողջովին քայքայված վիճակում գտնվող «Արմավիր» ՕԿՋ-ի քլորի սնման խողովակաշարը, որի պատճառով շուրջ 1500 բաժանորդ ստանում էր թերի քլորացված խմելու ջուր: Խնդրի կարգավորման նպատակով տեղադրվել է D=25մմ L=45մ երկարությամբ պոլիէթիլենային խողովակ: Արմավիր քաղաքի բաժանորդները ստանում են նորմերին համապատասխան՝ համային և որակային բարձր հատկանիշներով քլորացված խմելու ջուր դեռևս 2017 թվաականից:
Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար ամառային ճամբարներ կազմակերպելու նոու-հաուն նույնպես Խուդաթյանինը չէ, նմանատիպ ճամբարներ Արմավիր քաղաքում քաղաքապետի հանձնարարականով կազմակերպվել են յուրաքանչյուր տարի:
Քաղաքի Երևանյան փողոցի հիմնանորոգման ծրագիրը, որով այդքան պարծենում է ՔՊ-ական քաղաքապետը, նույնպես հաստատվել է նախորդ քաղաքապետի կողմից և ներառված է եղել քաղաքի զարգացման 2017-2019 թվականների պլանում, անգամ սահմանվել էր ծրագրի ընդհանուր արժեքը՝ 3 միլիոն դրամ:
Թիվ 1 մանկապարտեզի և թիվ 8 մանկապարտեզի շենքերի վերանորոգումը, որոնցով այդքան պարծենում է ՔՊ-ական քաղաքապետը, նույնպես նախատեսվում էր վերը նշված զարգացման պլանով, հետևաբար գործող քաղաքապետը պարզապես իրականացնում է իր նախորդի կողմից մշակված քաղաքի զարգացման ծրագիրը՝ հաջողությունները վերագրելով իրեն…