Նոր Հայաստանի պետական պաշտոնյաները շարունակում են ներկայացնել իրենց աշխատանքի կատարողականները և հպարտանալ ձեռքբերումներով: Իհարկե, այդ ամենը կլիներ տրամաբանական, եթե չլիներ մեկ բայց. որպես կանոն, թավշյա պաշտոնյաների ձեռքբերումների առյուծի բաժինը, անգամ մեծագույն ցանկության դեպքում, հնարավոր չէ վերագրել իրենց, այն պարզ պատճառով, որ այսօր ՔՊ-ական տարբեր կալիբրի չինովնիկներ հանրությանը հրամցնում են, ոչ թե իրենց, այլ իրենց նախորդների աշխատանքի արդյունավետության պրոդուկտը` ի դեմս տարբեր ծրագրերի, նորարությունների և բարեփոխումների:
Դիցուք՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի շուրջ մեկ ու կես տարվա աշխատանքի գլխավոր առհավատչյան է ներկայացվում ՔԿՀ-ում նոր սննդակարգի ներդրումը: Փորձ է արվում ստեղծել տպավորություն, որ նախկին իշխանության ներկայացուցիչները ՔԿՀ-ում պահվող անձանց սովամահ էին անում, իսկ սիրո և թավշյա հեղափոխության պահապանները աչքի են ընկնում իրենց բացառիկ մարդասիրությամբ:
Մինչդեռ իրականում ՔԿՀ-ներում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի եւ դրանց շահագործման, անկողնային եւ հիգիենիկ պարագաների չափաբաժիններն ու դրանց շահագործման ժամկետները, որ սահմանվել էին կառավարության 2003 թվականի թիվ 413-Ն որոշմամբ, փոփոխության են ենթարկվել դեռևս Արփինե Հովհաննիսյանի նախարար եղած ժամանակաշրջանում՝ 2016 թվականին:
Ռուստամ Բադասյանի հաջորդ ձեռքբերումն է համարվում ապօրինի հարստացման դեմ անողոք պայքարը: Մինչդեռ նշենք, որ ապօրինի հարստացումը քրեականացվեց 2016 թվականին, երբ պաշտոնավարում էր Արփինե Հովհաննիսյանը:
Քրեակատարողական ծառայության էլեկտրոնային կառավարման համակարգի մշակումը նույնպես ներկայացվում է իբրև Բադասյանի ղեկավարման շրջանում արձանագրված բարեփոխում, սակայն այստեղ էլ ամեն բան այդքան միանշանակ չէ, քանի որ Իրավական ակտերի հանրային քննարկման էլեկտրոնային հարթակի /e-draft/,լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյանի ու ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային միասնական գրանցամատյանի ստեղծումը նույնպես տեղի է ունեցել 2016-ին /e-lisence/.
Բացի այդ, 2016-ին Եվրոպական միության աջակցությամբ մշակվել և փորձարկման փուլում էր գտնվում Քրեակատարողական ծառայության էլեկտրոնային կառավարման համակարգը, ինչով այսօր հպարտանում է Բադասյանը և իր թիմը:
Հանրային ծառայությունների մեկ միասնական գրասենյակների գործարկումը նույնպես, չգիտես ինչու, համարվում է այս իշխանությունների և այս իշխանական թիմի անդամների ձեռքբերում, մի դեպքում, երբ Պետական ծառայությունները քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելու նպատակով 2016 թվականի նոյեմբերից Երևանում, Գառնիում և Գյումրիում գործարկվել են պետական միասնական գրասենյակներ:
Հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց շրջանակների ընդլայնումը նույնպես սկիզբ է առել դեռևս 2016 թվականին, հետևաբար դա նույնպես որևէ կերպ չի կարող համարվել Բադասյանի՝ կոռուպցիայի դեմ անողոք պայքարի վկայությունը: