Թվում էր, թե Հայաստանում հեղափոխությունից հետո կհաստատվեն ոչ միայն նոր քաղաքական բարքեր, այլ նաև հեղափոխական իշխանության ներկայացուցիչներն իրենց ինտելեկտուալ մակարդակով դրական առումով կտարբերվեն նախորդներից՝ առաջ բերելով նոր, երիտասարդ, բանիմաց, գրագետ և կառավարման մեջ հմուտ կադրեր: Իրականում, այն ինչ ունենք այսօր սպասվածի տրամագծորեն հակառակ պատկերն է: Գրեթե յուրաքանչյուր օր թավշյա պաշտոնյաները ամենաունիկալ մտքի գոհարներ են արտահայտում, կարծես, մրցելով միմյանց հետ ամենաանգրագետ մտքի մրցույթում:
Դիցուք՝ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ով կորել էր սփյուռքում հայ-ադրբեջանական վերջին բախումների ամենաթեժ պահին, բազմաթիվ քննադատություններից հետո որոշել է արդարացնել իր ստացած պարգևավճարները և պարբերաբար հարցազրույցներ է տալիս, սակայն, ինչպես ասում են՝ հաճախ լռելը ավելի օգտակար է: Զարեհ Սինանյանը որոշել է փայլել ազգերի ծագումնաբանության իր գիտելիքներով' հայտարարելով, որ ճապոնացիները չինացիների և կորեացիների սինթեզ են: Իհարկե, եթե Սինանյանը ունենար փոքր-ինչ գիտելիքների պաշար այս հարցում և պետական մտածողություն, նա դժվար թե աներ մի արտահայտություն, որը ոչ միայն համընդհանուր ծաղրի կարժանանա, այլ նաև կհանդիսանա պոտենցիալ միջպետական սկանդալի առիթ:
Մեկ այլ մտքի գոհարն էլ պատկանում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Նա, մասնավորապես, հայտարարել էր, որ թափառող շների կլինիկան այնքան լավն է, որ եթե հիվանդանա՝ ինքը կգնա այնտեղ բուժվելու: Համաձայնեք՝ գովազդի անչափ յուրահատուկ մոտեցում է: Իսկ ամենածիծաղելին այս պատմության մեջ ոչ թե քաղաղաքապետի արտահայտած միտքն էր, այլ այն, որ թափառող շների վնասազերծման ՊՈԱԿ-ի դեմ հենց այս գովազդի հաջորդ իսկ օրը կոռուպցիոն չարաշահումների մասով քրեական գործ հարուցվեց: Հետաքրքիր է՝ իսկ Հայկ Մարությանը դեռ չի՞ հրաժարվել այնտեղ բուժվելու մտքից…
Երրորդ պատվավոր տեղում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի պատմական արտահայտությունն է՝ մենք ցուցակագրել ենք և գույքագրել ենք այն մեր քաղաքացիներին, ովքեր սոցիալական ծանր վիճակում են հայտնվել: Փաստորեն, Արարատի մարզպետը ոչ միայն 40 հազար հեկտարը չի տարբերում 40 հեկտարից, թռչունին կենդանուց, այլ նաև խնդիր ունի շնչավոր և անշունչ առարկաները զանազանելու հարցում:
Չորրորդ տեղում «Իմ Քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի' արդեն ժողովրդական բանահյուսության մաս դարձած մտքի գոհարներն են: Ընդ որում, նրա դեպքում անչափ բարդ է առանձնացնել ընդամենը մեկ շեդեվր: Օրինակ, մեկ անգամ Աղազարյանը հայտարարում է, որ 37 հոգի չեն կարող մեկ նախագծի հեղինակ լինել, ինչով ի ցույց է դնում պառլամենտարիզմի մասով իր գիտելիքների զրոյական մակարդակը: Մեկ այլ անգամ Աղազարյանը հայտարարում է՝ ինչքան շուտ սկսի պատերազմը, այնքան լավ մեզ համար' մոռանալով սակայն նշել՝ մեզ համար ասելով ում նկատի ունի:
Հինգերորդ տեղում էլ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի արտահայտած այն միտքն է, որ ՍԴ նախագահը դատական իշխանության ներկայացուցիչը չէ: Այս մտքի գոհարը ունկնդրելուց հետո կարելի է միայն փաստել, որ այս խելքով էլ բարեփոխում են սահմանադրությունը՝ չունենալով անգամ տարրական գիտելիքներ սահմանադրության տառի և ոգու մասին:
Մի ժամանակ Գալուստ Սահակյանն էր սիրում բառախաղով զբաղվել՝ օգտվելով այն հանգամանքից, որ հայոց լեզուն ճկուն է և բարբարոս, ինչպես երևում է, թավշյա իշխանության ներկայացուցիչները որոշել են շարունակել մաեստրոյի ուղին՝ հետ չմնալով, իսկ գուցե նաև թարմացնելով վերջինիս ռեկորդները…