Հեղափոխական պաշտոնյաները շարունակում են հանրության առջև հպարտանալ իրենց ձեռքբերումներով: Իհարկե, այդ ամենը կլիներ տրամաբանական, եթե չլիներ մեկ բայց. որպես կանոն, թավշյա պաշտոնյաների ձեռքբերումների առյուծի բաժինը, անգամ մեծագույն ցանկության դեպքում, հնարավոր չէ վերագրել իրենց: Այսօր կանդրադառնանք Արարատի ՔՊ-ական մարզպետ Գարիկ Սարգսյանի և նրա նախորդի՝ Արամայիս Գրիգորյանի գործունեությանը:
Դիցուք՝ ԱՄՆ Միջազգային զարգացման և ՄԱԿ-ի գրասենյակների հետ համատեղ 2017-ին աշխատանք է սկսվել Հայանիստ համայնքում իրականացված 40 հա հողերի ձկնաբուծարանների հետադարձ ջրերով ոռոգման պիլոտային ծրագրի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ: Այսօր գործող իշխանությունները հայտարարում են, որ հսկական առաջընթաց են գրանցել նմանատիպ ձկնաբուծարանների կառուցման գործում:
Գարիկ Սարգսյանի հաջորդ պարծանքը դա ինտենսիվ այգիների կառուցումն է: Նշենք, որ գյուղատնտեսության զարգացումը խթանելու նպատակով մասնավոր ընկերությունների կողմից մարզի մի շարք համայնքներում 2017-ին իրականացվել են շուրջ 5000 քմ նոր ջերմոցային տնտեսությունների (լոլիկի և վարունգի արտադրություն) և 3500 քմ ինտենսիվ այգիների կառուցման աշխատանքներ:
Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ներդրումային ծրագիրը, որի իրականացման արդյունքում ինքնահոս համակարգով լիարժեք կոռոգվի 4 հա տարածք, և գյուղացիական տնտեսությունները խնդիր չեն ունենա, նույնպես հաստատվել է Արամայիս Գրիգորյանի ղեկավարման շրջանում:
Արարատի մարզու զբոսաշրջությունը խթանելու նպատակով ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից 2017-ին իրականացվել է Խոր Վիրապի վանքի հարևանությամբ դիտահարթակի և այցելուների զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի կառուցման ներդրումային ծրագիրը: 2017 թ. տարեկան աշխատանքային ծրագրով իրականացվում են նաև մարքեթինգի և զբոսաշրջային հնարավորությունների ներկայացմանն ուղղված միջոցառումներ:
Ղուկասավանում տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների կենտրոնի կառուցումը նույնպես հաստատվել է Արամայիս Գրիգորյանի ղեկավարման տարիներին:
Նույնը նաև պետք է ասել Արտաշատի ԲԿ-ի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկի մասին: Դրանք ավարտվել են 2018 թվականի սեպտեմբերին:
Համաշխարհային Բանկի Ֆինանսավորմամբ «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի լրացուցիչ Ֆինանսավորմամբ» դեռևս 2017 թվականից ընթանում են Ա/Ճ Հ8-Տ-2-16–Հովտաշեն Հ-12 կմ0+000-կմ2+120( 360.2 մլն դրամ), Ա/Ճ Արևշատ–Աբովյան կմ 0+000-կմ 1+543 ( 327.2 մլն դրամ, /Ճ Տ-2-20 Դիտակ–Ջրաշեն կմ0+000-կմ2+116 (342.1 մլն դրամ) ճանապարհային հատվածների վերանորոգման աշխատանքները: Սակայն դրանց բացման դափնիները կքաղեն գործող իշխանությունները: