Նոր Հայաստանի պետական պաշտոնյաները շարունակում են ներկայացնել իրենց աշխատանքի կատարողականները և հպարտանալ ձեռքբերումներով: Իհարկե, այդ ամենը կլիներ տրամաբանական, եթե չլիներ մեկ բայց. որպես կանոն, թավշյա պաշտոնյաների ձեռքբերումների առյուծի բաժինը, անգամ մեծագույն ցանկության դեպքում, հնարավոր չէ վերագրել իրենց: Դիցուք՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի փիառը հիմնականում կառուցվում է իր նախորդի օրոք մշակված և իրագործված ծրագրերի վրա:
Երևանաբնակ զինծառայողների ծնողները հնարավորություն ունեն տեսակցելու ծառայության մեջ գտնվող իրենց որդիներին: Այս ծրագիրը, որով այդչափ մեծ էքսպրեսիայով փիառվում է ներկայիս քաղաքապետը, սկսել է իրագործվել դեռ Տարոն Մարգարյանի ղեկավարման շրջանում:
Ամիսներ առաջ քաղաքապետ Հայկ Մարությանը, ինչպես նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ներկա էին մայրուղու ճանապարհահատվածներից մեկում շինարարության բացմանը։ Այն կանցնի Շիրակի փողոցից մինչև Արգավանդ գյուղ («Զվարթնոց» օդանավակայան տանող տրանսպորտային հանգույցից ոչ հեռու)։ Սակայն, նշենք, որ այդ ճանապարհի շինարարությունը մեկնարկել է դեռ 2017 թվականին' «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» շրջանակներում:
Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագիրը Քաղաքային լուսավորության ենթակառուցվածքի բարելավման նպատակով ՎԶԵԲ-ի աջակցությամբ սկսել է իրագործվել 2017-ին:
Հայկ Մարությանի հպարտության և հեղափոխական փոփոխությունների հաջորդ առհավատչյան դա Երևանը ապօրինի տեղադրված գովազդային վահանակիներից ազատագրելն է: Սակայն, նշենք, որ որ այդ հեղափոխական ազատագրումը տեղի է ունեցել նաև Տարոն Մարգարյանի ղեկավարման շրջանում: Մասնավորապես' 2017 թվականին ապամոնտաժվել է 109 ապօրինի գովազդային վահանակ, վերացվել է հետիոտներին խանգարող շարժական 219 գովազդ:
Կրպակների ապամոնտաժման մեջ նույնպես որևէ հեղափոխական քայլ չկա: 2016-2017 թթ. Երևանում ապամոնտաժվել է առևտրի և սպասարկման չգործող 287 կրպակ։
Նոր աղբավայրի կամ աղբի վերամշակման գործարանի կառուցման հույսերով Երևանցիներին կերակրող Հայկ Մարությանին նաև հիշեցնենք, որ Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում Նուբարաշենի գործող աղբավայրի հարակից տարածքում դեռևս 2017 թվականին նախատեսվում էր կառուցել նոր՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան աղբավայր, ներառյալ՝ հոսքաջրերի հավաքման համակարգ, գազի հավաքման և այրման կայան, հոսանքի գեներատոր, վարչական շենք, ցանկապատ, սպասարկման համար անհրաժեշտ մեքենա-մեխանիզմներ։ Ծրագրի շրջանակներում նաև նախատեսվում էր կոնսերվացնել Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերը։ Ծրագրի մրցութային գործընթացն ու մեկնարկը նախատեսվում էր հենց 2018 թվականին:
Քաղաքապետը և իր թիմը հպարտանում են նաև նրանով, որ Երեւանի մանկապարտեզների վերակառուցման և էներգաարդյունավետության ծրագիրը մտել է գործնական փուլ: Նշենք, որ 2017թ. դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանը Եվրոպական ներդրումային բանկի հետ կնքեց Էներգաարդյունավետության ֆինանսական պայմանագիր, որի շրջանակներում նախատեսվում է քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում իրականացնել էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ: Բացի այդ, Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհի միջոցով՝ Երևանի ենթակայության 2 հանրային շենքերում՝ հ.160 մանկապարտեզում և հ.3 մանկապատանեկան կենտրոնում հիմնանորոգման ծրագրերի շրջանակներում համատեղ ֆինանսավորմամբ իրականացվել էր էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված պիլոտային ծրագիր:
Երևանի առաջին սմարթ այգու կառուցման հիմքը, որի բացմանը 2018-ին ներկա եղավ Հայկ Մարությանը, նույնպես դրվել է դեռևս Տարոն Մարգարյանի ղեկավարման շրջանում:
Նախորդ տարի էլ քաղաքապետարանը բնակարան էր նվիրել Արցախի պողոտայի վթարային շենքում ապրող քաղաքացիներին, անգամ բնակարանները, որ բաժանում է Հայկ Մարությանը, կառուցվել են իր նախորդների ղեկավարման տարիներին…