«Եկել է ժամանակը փակելու «խնամի-ծանոթ-բարեկամով» Հայաստանի էջը և բացելու քաղաքացիական Հայաստանի էջը». այս և նմանատիպ այլ հայտարարություններ էր անում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ով իշխանության գալուց հետո ԽԾԲ-ական խմբապետական Հայաստանի նոր էջ է բացել։ Չնայած այս հանգամանքին՝ Փաշինյանը բազմիցս հերքել է, թե Հայաստանում գործում է «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սերգեյ Մեղրյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող (ԴԱՀԿ պետ): Ըստ մամուլում առկա տեղեկությունների՝ վերջինս հանդիսանում է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ընկերը։ Այս տեղեկատվությունը չի հերքվել Բադասյանի կողմից, սակայն նշվել է, որ նախարար Բադասյանը մինչև վերջին ժամանակահատվածը Սերգեյ Մեղրյանի հետ առնչվել է ուսանողական տարիներին:
Մամուլում սակայն տեղեկություններ են տարածվում, որ Բադասյանի ընկեր լինելը Մեղրյանի միակ մեղքը չէ, շատ է խոսվում այն մասին, որ Մեղրյանի նշանակումից հետո կառույցը իրական տեռոր է իրականացնում քաղաքացիների հանդեպ՝ էլ ավելի հարվածելով, առանց այդ էլ սոցիալական ծանր վիճակում գտնվող քաղաքացիներին:
Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետարանում շարունակում է դեռևս 2018-ից սկսված ԽԾԲ-ն։ Մարությանի ընկերներ Աշոտ Մելոյանն ու Հովհաննես Գրիգորյանը, որոնք Մարությանի հետ միասին նկարահանվում էին «Կարգին հաղորդման» մեջ, դեռևս նախորդ տարի աշխատանքի են անցել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում։ Ի՞նչ կապ ունեն դերասաններն ընդհանրապես կենդանիների ստերջացման և խնամքի հետ, կարելի է միայն «պատկերացնել»։ Իսկ ամենաուշագրավն էլ այն է, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում քրեական գործ է հարուցվել յուրացման և վատնման հատկանիշներով։
2018թ. աղմկահարույց պատմությունների կիզակետում հայտնված ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերը` ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանն էլ հայտնվել է մեղադրյալի աթոռին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր Վահե Ղազարյանը այսօր ոստիկանապետ է: Ոստիկանության աշխատանքներից՝ հատկապես արտակարգ դրության ընթացքում հանրության դժգոհությունը զգալիորեն աճել է: Չմոռանանք նաև, որ 2018թ. հունիսին՝ երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնը ստանձնել է նրա սանիկ Նարեկ Գրիգորյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով, Նարեկ Վիկտորի Մելքումյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար։ Մամուլում առկա տեղեկություններով, Նարեկ Մելքումյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ամենամտերիմ ընկերներից է:
Ինչպես տեսնում ենք թավշյա պաշտոնյաների ընկերները վատ չեն տեղավորվել պետական կառավարման համակարգում, սակայն նրանց աշխատանքից հանրության դժգոհությունը բնավ էլ պակաս չէ, քան դժգոհությունը իրենց նախարար ընկերների գործունեությունից: Ինչպես ասում են՝ «թավշյա պաշտոնյաների» ընկերները իրենցից հեռու չեն գնացել…