Շարունակելով անդրադառնալ հեղափոխական պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությանը՝ այսօր կխոսենք Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանից:
Եվ այսպես, Գրիգորյանը վերջին շրջանում աչքի է ընկել իր հակասական հայտարարություններով: Դիցուք՝ նա հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ ադրբեջանական ստորաբաժանումները մնում են Ջերմուկի մատույցներում։ Այս հայտարարությունը նա արել էր այն բանից հետո, երբ ԳՇ պետը հայտարարել էր, որ որևէ լարվածություն մարզում, մասնավորվապես՝ Ջերմուկում, չկա: Դրանից հետո Գրիգորյանը փոքր-ինչ փոխել էր խոսքերի տոնայնությունը՝ ասելով, որ կարող է կրակոցներ լինեն, բայց մեր դիրքերի ուղղությամբ կամ այնպիսի իրավիճակ, որ լարվենք, չենք ունեցել այդպիսի դեպք։
Չնայած իր իսկ պնդումներին, որ մարզում առաջնային է լինելու բնապահպանության խնդիրներին լուծում տալը, բնության պահպանումը և բնակիչների առողջությունը, մարզպետը առավելապես հակված է հանքաարդյունաբերության զարգացմանը: Մասնավորապես, Վայոց ձորի մարզպետարանը դատի է տվել Ջերմուկի և Եղեգնաձորի ավագանիներին: Մարզպետարանը ՀՀ վարչական դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել ավագանիների որոշումները՝ Ջերմուկը, Եղեգնաձոր համայնքները էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքներում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ: Մինչ այդ, Վայոց ձորի մարզպետարանը դատի էր տվել նաև իրենց համայնքները էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելող որոշումներ ընդունած Արենիի և Գլաձորի համայնքների ավագանիներին: Ի դեպ, դատարանը Գլաձորի ավագանու դեմ հայցը մերժել է: Ինչպես հասկանում ենք՝ Վայոց Ձորի մարզպետը որևէ ցանկություն չունի իր մարզը էկոլոգիապես մաքուր տեսնել և զբաղված է միայն հանքաարդյունաբերողների շահերի պաշտպանությամբ՝ դատի տալով սեփական մարզի համայնքներին:
Ոչ պակաս փոքր ձախողում է արձանագրվել մարզի ներդրումային ոլորտում: Չնայած այն բանին, որ մարզում ներդրումային համաժողով է կայացել՝ ներդրումային բում, մեղմ ասած, չկա: Ընդհանրապես Գրիգորյանը և իր թիմը նախընտրում են լռել իրենց ներգրավված ներդրումների մասին և նրանց կարելի է հասկանալ: Օրինակ՝ 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ մարզի 8 համայնքների տեղական բյուջներով ընդամենը եկամուտներ էին նախատեսվել 1 մլդ 115,7մլն ՀՀ դրամ, տեղական բյուջեներին ամրագրված ընդամենը եկամուտներից հավաքագրվել էր 1 մլդ 100,6 մլն ՀՀ դրամ, այսինքն՝ բյուջեի եկամուտները թերակատարվել էին:
Սակայն, օբյեկտիվության համար պետք է նշենք նաև այն դրական քայլերը, որոնք կատարվել են մարզպետի կողմից: Օրինակ, Եղեգիսում վերջերս արևային կայան էր տեղադրվել: Արևային կայանը տեղադրվել է ՍՊԸ–ի հետ համագործակցությամբ, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ՝ WWW-Հայաստանի և ՌԶԳ ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում։ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը վերջերս նաև ներկա գտնվեց Վայքի համայնքապետարանի և Ճապոնիայի դեսպանատան միջև «ՀՈԱԿ-ի առաջին մասնաշենքի վերանորոգում» դրամաշնորհային ծրագրի ստորագրման արարողությանը: Կարևոր ծրագրերից նաև կարող ենք առանձնացնել այն, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը և մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը՝ Վայք քաղաքում և Մալիշկա բնակավայրում ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացների ընդունելություն էին կազմակերպել՝ 7-14 տարեկան երեխաների համար։