Կա մի հարց, որում նոր Հայաստանի պաշտոնյաները որևէ կերպ հետ չեն մնում իրենց նախորդներից: Դա դատական հայցերի տարափն է, որը վերջին ամիսներին, եթե չասենք՝ վերջին մեկ տարվա ընթացքում, թափվում է թավշյա պաշտոնյաների վրա: Ընդ որում, բարձրաստիճան պաշտոնյաներին դատի են տալիս թե՛ շարքային քաղաքացիները, թե՛ իրավաբանական անձինք: Դատական հայցերի առատությունը մի կողմից խոսում է այն մասին, որ առնվազն կա հնարավորություն, լծակ, որի միջոցով քաղաքացիները կարող են պետական մարմինների ներկայացուցիչների հետ լուծել իրենց հարցերը, մյուս կողմից՝ սա վկայում է այն նույն պետական մարմինների կողմից փնթի աշխատելու և ապօրինի որոշումներ կայացնելու, տարատեսակ խախտումներ անելու մասին:
Դիցուք՝ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցրել է հերքել Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ զրպարտություն պարունակող հայտարարությունները և հայցը բավարարել է մասնակի:
Դատարանըի վճռում ասվում է. «Պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում «facebook.com» սոցիալական կայքի՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական էջում «Հերքում՝ Հրայր Թովմասյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով գրառում կատարել' դրանում նշելով հետևյալը. «Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հերքում եմ իմ այն պնդումը, որ Հրայր Թովմասյանը 2018 թվականի մայիսից սկսած ինձ իր ծառայություններն է առաջարկել»:
Սա, իհարկե, միակ և եզակի դեպք չէ: Ջերմուկի 19 քաղաքացիներ դատի են տվել ՀՀ շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Էրիկ Գրիգորյանին՝ նոր ի հայտ եկած էկոլոգիական հանգամանքների հիմքով։ Գործով երրորդ անձ է ներգրավվել ՀՀ ֆինանսների նախարարությունը։ Հայցը ներկայացվել է ՀՀ Վարչական դատարան: Հայցվորները խնդրել են դատարանին պարտավորեցնել Շրջակա միջավայրի նախարարին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական հ. ԲՓ 35 եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 29.04.2016թ. դրա հաստատումը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Սարգիս Երիցյանի, երեկ բավարարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի՝ Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի հոր հայցն ընդդեմ Առոջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Առողջապահության նախարարության։Նշենք, որ Արա Մինասյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կատարված ենթադրյալ չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Բժշկական կենտրոնում տեղի ունեցած ենթադրյալ խախտումների մասին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով՝ ուղիղ եթերը վերնագրելով «տուշոնկեքի մասին», որից հետո Արա Մինասյանը քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան' պահանջելով, որպեսզի հերքվի Արսեն Թորոսյանի կողմից հրապարակայնորեն արված արտահայտությունները:
Էջմիածնի քաղաքապետարանի դիմաց գտնվող սրճարանը շահագործողը դատական հայց էր ներկայացրել քաղաքապետ Դիանա Գասպարյանի դեմ՝ պահանջելով պարտավորեցնել վերջինիս ներողություն խնդրել վիրավորանքի համար և հերքել զրպարտություն համարվող տվյալները: Քաղաքապետ Դիանա Գասպարյանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ սրճարանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի մերձավորներին է պատկանում:
Վերաքննիչ դատարանը, Նարինե Բարսեղյանի նախագահությամբ, փետրվարի 10-ին մերժել է Շրջակա միջավայրի նախկին նախարար, այժմ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ռոմանոս Պետրոսյանի բողոքը։ Վերջինս բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի վճիռը, որով ՇՄՆ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի՝ աշխատանքից հեռացված տնօրեն Լևոն Գաբրիելյանը վերականգնվելու էր պաշտոնում, ստանալու էր միջին աշխատավարձը ողջ պարապուրդի ժամանակահատվածի համար։ Հիշեցնենք՝ դատավոր Գրիգորի Վարդանյանի սեպտեմբերի 3-ին կայացրած վճռով՝ ամբողջությամբ բավարարվել էին ՊՈԱԿ-ի տնօրենի պահանջները. անվավեր էին ճանաչվել նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանները, այդ թվում՝ Լևոն Գաբրիելյանի պաշտոնից ազատման հրամանը, նրան վերականգնել էր պաշտոնում և պարտավորեցրել Շրջակա միջավայրի նախարարությանը Գաբրիելյանին վճարել նրա միջին աշխատավարձը ողջ պարապուրդի համար: Բացի դրանից, ՇՄՆ-ն պետք է փոխհատուցեր Լևոն Գաբրիելյանի փաստաբանական ծախսերը՝ 120 hազար դրամի չափով և պետտուրքը՝ 8000 դրամ:
Այսինքն, ինչպես տեսնում ենք, օրենքի առաջ հավասարությունից օր ու գիշեր խոսացող ՀՀ իշխանություններն իրենք իրենց այդ օրենքից վեր են դասում, և կամ ընդհանրապես չեն կատարում դատարանի վճիռները' ինչպես, օրինակ, Փաշինյանն ու Թորոսյանը, կամ կատարում են մեծագույն դժկամությամբ և ինչպես ասում են՝ դանակը ոսկորին հասնելուց հետո միայն: