Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հեղափոխությունից հետո հանդես է եկել մի շարք նոր, ռեզոնանսային որոշումներով, որոնք, սակայն, անուղղակիորեն կամ ուղղակիորեն ուղղորդում էին քաղաքացիներին օգտվելու այս կամ այն նախկին պաշտոնյայի հետ փոխկապակցված ընկերության մատուցած ծառայություններից:
Դիցուք՝ երբ կառավարությունը որոշեց հին ՀԴՄ-ը փոխարինել նոր սերնդի ՀԴՄ-ով, կառավարության մակարդակով տնտեսվարողներն սկսեցին ուղղորդվել դեպի ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ փոխկապակցված ընկերություններ՝ «Սմարթ Սոլյուշնս» և «Թորփայս»: Այնուհետև պարզ դարձավ, որ ՀԴՄ-ները ձեռք են բերվել չինական մի ընկերությունից, որի հայաստանյան ներկայացուցիչ ընկերությունների սեփականատերերը առնչվում են վարչապետ Կարեն Կարապետյանի և ՊԵԿ-ի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի մտերիմներին։ Հենց նրանց օրոք է ՀԴՄ-ի գինը սահմանվել ինքնարժեքից մոտ 70% թանկ։
Կարեն Կարապետյանի կառավարությունը չեղարկեց ՀԴՄ-ների վաճառքի գործող գները և սահմանեց, որ սարքերի իրացման գները որոշելու է ոչ թե կառավարությունը, ինչպես նախկինում, այլ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը։ Իսկ ՊԵԿ-ի նախագահն այդ ժամանակ Վարդան Հարությունյանն էր, ով հայտնի է Կարեն Կարապետյանի հետ գործընկերային կապերով։ Երկու պաշտոնյաները իրար հետ երկար տարիներ աշխատել էին «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ում (այժմ՝ «Գազպրոմ Արմենիա»)։ Վարդան Հարությունյանը իր պաշտոնը ստանձնել էր Կ. Կարապետյանի նշանակումից մոտ մեկ ամիս անց։ Մի քանի ամիս անց էլ գործադիրը նոր որոշմամբ ուղղակի վերացրեց ՀԴՄ-ները մրցույթով ձեռք բերելու պահանջը։
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ինչպես գիտենք նախատեսում է անցում կատարել նաև առողջապահության ապահովագրմանը և այս առումով նույնպես ուշագրավ ուղղորդմանն ենք ականատես լինում, երբ քաղաքացիներին հենց պատկան մարմինները անուղղակիորեն խորհուրդ են տալիս օգտվել նախկին նախարար Լևոն Ալթունյանի «Ինգո Արմենիա»-ից:
Կառավարության մեկ այլ որոշմամբ վերաբաշխում էր կատարվել պետպատվերի շրջանակներում: «Առողջ ապագա» բժշկական կենտրոն» ՍՊԸ-ն «Տուբերկուլոզի բժշկական օգնության ծառայություններ» պետպատվերի ծրագրի շրջանակներում խոշոր գումարներ ստացող բժշկական հաստատությունների ցանկում էին հայտնվել: ««Առողջ ապագա» բժշկական կենտրոն» ՍՊԸ-ն 50%-ը պատկանում է՝ առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանի կնոջը՝ Էջմիածնի պոլիկլինիկայի գործադիր տնօրեն Լիլիթ Գասպարյանին: Ընկերության տնօրենը վերջիններիս որդին է՝ Էդգար Պողոսյանը:
2020-ի հոկտեմբերին տրված կառավարության արտոնությունը բաժին է հասել «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ-ին, որը 2014 թվականին հիմնադրել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգյսանի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանն ու նրա եղբայրը Աբել Ղարիբյանը։ Արտոնությունը, ինչպես գիտենք, նույնպես խրախուսելու ձև է և միտված է տվյալ բիզնեսին աջակցելուն, որքան ավելի շատ արտադրանք ստեղծի տվյալ ընկերությունը՝ այնքան կավելանան վաճառքներն ու եկամուտները:
2021-ի ապրիլի 8-ին կառավարության կողմից ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել հանրապետության խոշոր հանքարդյունաբերող ընկերություններից մեկը «ՄԼ Մայնինգը», որը հանքեր է շահագործում Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերում։ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2003 թվականին: 2010 թվականից ընկերության միակ սեփականատերը Դավիթ Սուքիասյանն է, որ 2017-2020 թվականներին զբաղեցրել նախ Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավարի, ապա նաև գլխավոր քարտուղարի պաշտոնները։
Այն բանից հետո, երբ կառավարությունը համավարակով պայմանավորված արտակարգ դրություն սահմանեց՝ առողջապահության նախարարության մակարդակով քաղաքացիներին թեստավորման նպատակով սկսեցին ուղղորդել դեպի նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ԲԿ: Այն բանից հետո, երբ մամուլում աղմուկ բարձրացավ, որ նախարար Ավանեսյանը լավ աչքով է նայում օլիգարխի բիզնեսին՝ թեստավորում իրականացնող ԲԿ-ի ցանկը ընդլայնվեց:
Ինչպես տեսնում ենք՝ նախկիններին մերժած և նրանց մերժելով իշխանության եկած նորերը նախկինների քսակը լցնելու առիթը, կարծես թե, բաց չեն թողնում, և քաղաքացիները բավական ուշագրավ և փոխադարձ շահավետ համագործակցության են ականատես լինում, երբ տուժող կողմը միայն իրենք են՝ քաղաքացիները...