Շարունակելով ներկայացնել հեղափոխական պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունը՝ այսօր կանդրադառնանք Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանին:
Չնայած ավագանու հետ ունեցած լարված հարաբերություններին՝ Քաջայր Նիկողոսյանը բավական ուշագրավ գնումներ է նախատեսել կատարել համայնքային բյուջեի հաշվին: Այսպես՝ 264 հազար և 600 հազար դրամ նախատեսված է ծախսել թուղթ ձեռք բերելու նպատակով, 400 հազար դրամով նախատեսվել է գնել քարտթրիջ, 300 հազար դրամի աղբի տոպրակի համար է նախատեսվել, 800 հազար դրամ՝ բնակարանի վարձակալման համար, 2000000 դրամ՝ համայնքապետարանի շենքի վերանորոգման նպատակով, 2600000 դրամ՝ համակարգիչ ձեռք բերելու նպատակով, 112 հազար դրամ՝ մեխակ ձեռք բերելու նպատակով:
Իսկ ինչո՞վ է զբաղված և ի՞նչ խնդիրների լուծմանն է լծված համայնքապետը: Համայնքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նախորդ տարվանից ի վեր Նիկողոսյանը հասցրել է կանանց անակնկալ անել՝ մեկամսյակի կապակցությամբ, հանդիպել ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովին: Բացի այդ, Սպիտակի համայնքապետարանի միջոցներով համայնքի 4 բնակավայրերում՝ Նոր Խաչակապում, Քարաձորում, Լեռնանցքում և Արջհովիտում, երեկ տեղադրվել են նոր տաղավարներ: Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի աշխատակիցներ՝ Լուսինե Աբրահամյանը, Լիանա Գրիգորյանը և Անուշ Վարդանյանը, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի նախաձեռնությամբ, ճանաչողական այցով հյուրընկալվել էին «Սպիտակի խնամքի տանը»։ Նախորդ տարվա նոյեմբերի 5-ին «Անդրանիկ Հակոբյան և ընկերներ» հիմնադիամի աջակցությամբ Սպիտակ համայնքի «Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ում հանդիսավոր պայմաններում բացվեց Անդրանիկ Հակոբյանի անվան բռնցքամարտի բոլորովին նոր և վերանորոգված մարզադահլիճը, թե ինչ կապ ունի այս նախաձեռնության հետ համայնքապետարանը և ինչու է հպարտանում ասես, դա իր ձեռքբերումն է՝ հարց է: Միևնույն ժամանակ փաստենք, որ նախաձեռնությունն, անշուշտ, գովելի է: Թերևս այսքանը, ասվածին կարելի է միայն գումարել սուբվենցիոն ծրագրերը, որոնք, այսպես թե այնպես, պետք է իրականացվեին:
Միևնույն ժամանակ օբյեկտիվությունը պահանջում է անդրադառնալ նաև այն դրական քայլերին, որոնք կատարվել են համայնքապետի կողմից: Դիցուք՝ Սպիտակի համայնքապետարանի և «Պլանետա մեչտի» ֆոնդի միջև համագործակցության շրջանակում հերթական անակնկալը մատուցվեց այս անգամ Սպիտակի քաղաքային գրադարանին, որի մանկական բաժնի ֆոնդը համալրվեց նոր գրքերով; Բացի այդ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Բաղադրիչ 2» ծրագրի շրջանակում Սպիտակ համայնքի կողմից ներկայացված «Սպիտակ խոշորացված համայնքում կոմունալ և սանիտարական պայմանների բարելավում» ծրագրով համայնքը ձեռք է բերելու 3 նոր աղբատար մեքենա, 1 բազմաֆունկցիոնալ մեքենա, 1 ինքնաթափ մեքենա և 500 աղբարկղեր: Սպիտակ համայնքին արդեն տրամադրվել է նոր մոդելի աղբարկղերի առաջին խմբաքանակը: