Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան նախագահականում հյուրընկալել էր օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուրդ Շարմազանովն ասաց, որ քննարկվել են սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելու վերաբերյալ մի շարք հարցեր: ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի վերաբերյալ կոնկրետ քննարկում, Շարմազանովի խոսքով, տեղի չի ունեցել: Այս մասին տեղեկացնում է ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը:

 

 

«Հանդիպմանը քննարկվել են ավելի գլոբալ, հայեցակարգային հարցեր՝ սկսած սոցիալտնտեսական քաղաքականությունից, մեր անելիքներից, պաշտոնյաների գործունեությունից, դրանց արդյունավետությունից, կոռուպցիայի դեմ պայքարից, ներքին և արտաքին քաղաքականությունից և այլն»,- ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ ՀՅԴ-ի հետ նեղ կոալիցիոն հուշագրի մասին խոսք չի գնացել: