Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ 24-ին, տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

 

Սերժ Սարգսյանին ուղեկցում էին նաև բարձրաստիճան միշարք պաշտոնյաներ, որոնց թվում ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ազգային ժողովի խոսնակի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը, մի շարք նախարարներ, նախարարների պաշտոնակատարներ:

 

Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս աղոթք կարդաց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

 

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հղած ուղերձում նշել էր, որ մեկուկես միլիոն հայորդիներ զոհ դարձան մի այնպիսի հանցագործության, որն այն ժամանակ դեռ անուն չուներ: Մարդկային որևէ լեզու դեռ չէր հորինել նման արտահայտություն կամ բառեզր: Նրանք զոհվեցին պարզապես նրա համար, որ հայ էին: Նախօրոք և մանրամասնորեն ծրագրված ոճրագործությունն ուներ հստակ նպատակ. բնաջնջելով ժողովրդին՝ տիրանալ նրա բնօրրան-երկրին, նրա ունեցվածքին և հազարամյակների ժառանգությանը: Այսպիսով իրականացվում էր հայությանը, որպես քաղաքական գործոն, պատմության թատերաբեմից ընդմիշտ վերացնելու հրեշավոր նախագիծը: