Հայաստանի «Աթուր» ասորական միության նախագահ Արսեն Միխայիլովը նախադրյալներ տեսնում է, որ Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Միխայիլովն ընդգծեց, որ գալու է ժամանակը, երբ աշխարհը ոտքի կկանգնի, և Թուրքիան ստիպված կլինի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 

«Այն, ինչ Թուրքիան 20-րդ դարի սկզբին պետական մակարդակով իրականացրեց հայ, ասորի և հույն ժողովուրդների նկատմամբ, բարբարոսություն է: Մենք դատապարտում ենք և պետք է մեր ձայնը բարձրացնենք, որպեսզի աշխարհը տեսնի, թե իրականում ինչ է կատարվել և ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մենք բոլորս այս հարցում պահանջատեր ենք»,- նշեց նա:

 

Միխայիլովն ընդգծեց, որ գրեթե ողջ ասորական համայնքն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: