Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Փարիզի քաղաքապետին ուղեկցում էին Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն: Փարիզի քաղաքապետի հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էին նաև Փարիզի քաղաքային խորհրդի անդամները:
Անն Իդալգոն և Փարիզի քաղաքային խորհրդի անդամները ծաղիկներ դրեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, որից հետո շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Շրջայցի ավարտին Փարիզի քաղաքապետը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հյուրերի հուշամատյանում:
«Մարդկությունը չի կարող առաջ գնալ առանց իր պատմությանը հարգանքի տուրք մատուցելու: Մարդկությունը պետք է ընդունի և ճանաչի ճշմարտությունը, որը պիտի հնարավորություն տա առաջ ընթանալ և զարգանալ: Իմ գրառումը կոչ է մարդկությանը ընդունել ճշմարտությունը և ճանաչել Ցեղասպանությունը: Շատ երկրներ արդեն ավարտել են այդ գործընթացը: Ֆրանսիան էլ արդեն արել է դա, և ցանկություն ունենք, որ մեր բանակը համալրվի նոր երկրներով»,-Ցեղասպանության թանգարանում կատարած շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Փարիզի քաղաքապետը նաև շրջեց Ծիծեռնակաբերդի Հիշատակի ծառուղում և ծառ տնկեց: