ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սարգսյանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, այլ պաշտոնյաներ Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Անմար կրակի մոտ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ հոգեհանգստյան պաշտոն կատարեց հոգեւոր դասը, հավաքվածները գլուխ խոնարհեցին եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակը:
Ապրիլի 24-ին դեռևս գիշերվանից և վաղ առավոտից մարդկանց հոսքը հուշահամալիր չի դադարում: Հիշատակի արարողություններ են կատարվում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ եւ ուղերձ հղվում միջազգային հանրությանը' ճանաչելու 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը' դրանով թույլ չտալով ցեղասպանությունների կրկնություն: Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ:
Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը եւ այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ.: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել եւ ճանաչել են որպես ցեղասպանություն' ըստ միջազգային իրավունքի, հետեւյալ երկրները' Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելա, Չիլի, Բոլիվիա, Կանադա, Վատիկան, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, ԱՄՆ 48 նահանգներ:
Նիդերլանդները Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող բանաձև է ընդունել 2018թ. փետրվարի 22-ին և պարտավորեցրել կառավարության ներկայացուցչին ամեն 5 տարին մեկ այցելել Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին: Առաջին պաշտոնյան՝ Նիդերլանդների ֆինանսների հարցերով պետքարտուղար Մենո Սնելը, այս տարի մասնակցում է միջոցառումներին: