ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կարծիքով՝ 2018թ. թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի աշխատանքի համար ստեղծված են լավագույն պայմանները:
Այս մասին Միրզոյանն ասաց նոյեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովում ընթացող Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ կազմակերպված միջազգային երկօրյա համաժողովի ժամանակ:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքը Հայաստանում ընդունվել է 2013թ. հոկտեմբերին, սակայն Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը փաստացի սկսել է գործել 2004թ.: Հետագայում սահմանադրական փոփոխություններով ամրագրվել է Պաշտպանին դիմելու յուրաքանչյուր քաղաքացու բացառիկ իրավունքը, սահմանվել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի օրենքը Սահմանադրական օրենք է: Ի սկզբանե ստեղծված լինելով որպես որևէ մարմնից ու ազդեցությունից անկախ հաստատություն, այս տարիների ընթացքում օմբուդսմենի ինստիտուտը հասցրել է երկար ճանապարհ անցնել և կայանալ: Այնուամենայնիվ, ցավալիորեն վերջին երկու տասնամյակից ավելի ժամանակահատվածում ՄԻՊ-ն իր կայացման ճանապարհին հաճախ հանդիպել է քաղաքական մեծ խոչընդոտների, որոնք թույլ չեն տվել ամբողջապես իրականացնել Սահմանադրությամբ և օրենքով սահմանված լիազորություններ: 2018թ. ի վեր ՀՀ-ում ստեղծված են լավագույն պայմանները ՄԻՊ-ի աշխատանքների համար, և սա այն բանի համար, որ մարդու իրավունքները, դրանց պաշտպանությունը, մեր արժեքային համակարգի հիմնաքարերն են»,- ասաց Միրզոյանը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը վստահություն հայտնեց, որ Ազգային ժողովի և Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի համագործակցությունը նոր պտուղներ է տալու: