Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության կազմը հաստատված է, հետևաբար, ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում՝ Փաշինյանի կաբինետի անդամների անցած ճանապարհը և ձեռքբերումները ոլորտում: Այսօր կանդրադառնանք առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին:
Անահիտ Ավանեսյանը 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում: 2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն: 2014-2015 թվականներին զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենի պաշտոնը: 2017-ից մինչև 2018 թվականը եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը: 2018 թվականի մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020 թվականի մայիսի 11-ից' առողջապահության նախարարի առաջին տեղակալի: 2021 թվականի հունվարի 18-ին Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:
Նախարար աշխատելու ընթացքում ի հայտ են եկել՝ ոլորտին «գերազանց» տիրապետելու ազդանշանները: Մասնավորապես, իրավաբան նախարարը, ով մինչ պաշտոնը ստանձնելը ակտիվ բիզնես լեդի էր, նույնիսկ չգիտեր ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութի իրական անվանումը, այն անչափ վստահ անվանելով Սպուտնիկ 5: Շատերը ծաղրում էին Ավանեսյանին, նշելով, որ հաջորդ անգամ առողջապահությունից գլուխ չհանող պաշտոնյան՝ դեղատոմսը դատական ակտ կարող է անվանել: Ավանեսյանը պաշտոնավարման ընթացքում հայտնվեց այնպիսի սկանդալի կիզակետում, որից հետո հրաժարականը թվում էր այլընտրանք չունի, սակայն, նախարարը որոշեց, որ հայ զինվորների աճյունները նկուղներում ոչ պատշաճ ձևով պահպանելու դիմաց բավարար է ընդամենը ներողություն խնդրել, այնուհետև հոխորտալ քաղաքացիների վրա, որ չեն գնահատում իր՝ ներողություն խնդրելու մշակույթը: Ավանեսյանը նաև որևէ կերպ չարձագանքեց իր և իր ամուսնու ընտանեկան բիզնեսին զարկ տալու մասին բազմաթիվ գրառումներին, թերևս չունենալով լուրջ փաստարկներ, որոնք կհերքեին՝ փոխնախարար եղած ժամանակ իր ամուսնու ընկերության հետ կնքված գնումների, միլիոնների հասնող պայմանագրերի գոյությունը: Վստահ կարող ենք ասել, որ սկանդալների առումով նախարարը ոչնչով չի զիջում իր տիտղոսակիր նախորդին՝ Արսեն Թորոսյանին, դեռ մի բան էլ, ձգտում է գերազանցել վերջինիս: Իսկ ոլորտը ինչպես եղել է անտեսված և առանց զարգացման որևէ տեսլականի՝ այդպես էլ մնում է, Ավանեսյանի բուռն աշխատանքի միակ արգասիքը՝ պարտադիր պատվաստման և արևմտյան պատվաստանյութերի լոբբինգն է, որն էլ վերջինս հաջողությամբ իրականացնում է ՝ վերանշանակվելուց հետո: