«Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Ջասուր Սումերենլին անդրադարձել է լյարդի քաղցկեղով տառապող զինծառայող Սուլեյման Բաղըրովի վիճակի մասին ապրիլի 10-ին Meydan TV-ով հրապարակված տեսանյութին, որտեղ վերջինս իր բուժման համար ճարահատյալ վաճառքի է հանել բնակարանը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սումերենլին այդ առնչությամբ Facebook-ի իր էջում գրել է. «Ամեն տարի բավականին թվով զինծառայողներ բժշկական օգնություն չլինելու պատճառով հեռանում են կյանքից»:

 

Հեռուստաալիքը նշել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի պատասխանել զինծառայողի վերաբերյալ իրենց հարցմանը:

 

«Տեսանյութում նշվում է, որ պաշտպանության նախարարությունը հիվանդ զինծառայողին դեռեւս չի զորացրել: Նրան ասվել է, որ զորացրվելու է մայիսին, եւ այդ ժամանակ էլ օգնություն է հատկացվելու: Դրանով պաշտպանության նախարարությունը խաբում է զինծառայողին եւ հանրությանը: Որովհետեւ այդ օգնության չափը չի գերազանցելու 2-3 հազար մանաթը: Պաշտպանության նախարարությունը պարտավոր է մինչեւ վերջ կատարել զինծառայողի առողջության համար բոլոր ծախսերը: Չէ՞ որ զինծառայություն անցնելու ժամանակ զինծառայողը պետության կողմից ապահովագրվում է: Այժմ հիվանդ զինծառա յողին օգնելու փոխարեն ինչ-որ հեքիաթ են պատմում: Դա խայտառակություն է»,-գրել է Սումերենլին:

 

Ջ. Սումերենլիի կարծիքով' այս դեպքը ցույց է տալիս, որ Ադրբեջանի զինված ուժերում զինծառայողի անձը ոչ մի հարգանք եւ արժեք չունի:

 

«Առանձին վերցրած' զինծառայողի նկատմամբ պետական որեւէ հոգածություն չկա: Այս դեպքը ցույց է տալիս, որ առկա իշխանության համար զենքն ու զինտեխնիկան ավելի թանկ է, քան մարդկային գործոնը: Այն, որ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղյակ չէ հիվանդ զինծառայողի անելանելի վիճակի, խոսում է այն մասին, որ պաշտպանության նախարարությունը հետաքրքրված չէ շարքային զինծառայողի, զինվորի կյանքով: Եթե հակառակը լիներ, պաշտպանության նախարարությունը կաշխատեր այս հարցը լուծել մինչեւ մամուլ թափանցելը», -նշել է նա:

 

Փորձագետն ասում է, որ այս դեպքը ցուցադրությունն է այն բանի, որ Ադրբեջանի զինված ուժերում բժշկական ապահովության գործում լուրջ խնդիրներ կան:

 

«Պաշտպանության նախարարության բժշկական վարչության գործունեությունը պետք է գտնվի հասարակության ուշադրության կենտրոնում, իսկ այնտեղ կատարվող նեգատիվ երեւույթները պետք է քննադատվեն: Ամեն տարի մեծ թվով զինծառայողներ բավարար բժշկական օգնություն չլինելու պատճառով զրկվում են կյանքից», -հայտարարել է Ջ. Սումերենլին:

 

40-ամյա զինծառայող' սակրավոր Սուլեյման Բաղըրովը Meydan TV-ի հրապարակած տեսանյութում պատմել էր, որ առողջությունն սկսել է վատանալ 2014 թվականի վերջին: Ծառայության ժամանակ սուր նոպայով տեղափոխվել է Սարըջալիի հոսպիտալ: 15 օր հետո օնկոլոգիական կլինիկայում նրան լյարդի քաղցկեղ են ախտորոշել:

 

Սուլեյման Բաղըրովի բժշկական ծախսերը հոգում է նրա ընտանիքը: Բանն այնտող է հասել, որ ընտանիքը զինծառայողին բուժելու համար բնակարանը հանել է վաճառքի: Նա դեռեւս բանակից զորացրված չէ եւ գտնվում է զինված ուժերի հաստիքացուցակում: