Արարատի մարզպետարանը նախորդ տարվա օգոստոսի 1-ից մինչև ապրիլ ՌԴ մուտքի արգելք ունեցող Արարատի մարզի ՀՀ քաղաքացիներից ստացել է 241 դիմում, որոնք խնդրում են հանել իրենց՝ ՌԴ մուտքի արգելքը: Դիմումներն ստանում է մարզպետարանը, այնուհետև ուղարկում ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայություն, որից հետո' ՌԴ:

 

 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արարատի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության բաժնի պետ Գեղամ Միրզոյանն ասաց, որ ընթացք է տրվում այն մարդկանց դիմումներին, ովքեր շեշտում են, օրինակ, ընտանիքի անջատված լինելու, ուսումը ՌԴ բուհերում կիսատ թողնելու, ՌԴ-ում բուժումը կամ ընտանիքի տարեց կամ հաշմանդամ անդամի խնամքի կազմակերպման հանգամանքները: Միրզոյանն ընդգծեց, որ այդ ամենն անհրաժեշտ է ամրագրել փաստերով:

 

 

Դիմումին պետք է կցել հիմնավորող փաստաթղթեր. ուսանողական տոմս, ՌԴ-ում բուժման անհրաժ եշտության մասին փաստաթուղթ, ընտանիքի ՌԴ քաղաքացի համարվող անդամի և նրա անձնագրի պատճենը: Եթե անձը հանդիսանում է ՌԴ-ի օրենսդրության համապատասխան գրանցված ձեռնարկությունների և կազմակերպությունների հիմնադիր կամ սեփականատեր, դիմումին պետք է կցի նաև ՌԴ ձեռնարկությունների ռեգիստրում և հարկային մարմիններում հաշվառման փաստաթղթերի պատճեները: Եթե անձն ունի ժամանակավոր բնակության կամ աշխատանքի թույլտվություն' հարկ է կցել նաև այդ փաստաթղթերը:

 

 

Միրզոյանն ասաց, որ ՀՀ քաղաքացիների դիմումներով զբաղվող մարզպետարանների աշխատակիցների համար ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոսն պետական ծառայությունում անց է կացվել ուսուցում, որի ժամանակ ներկայացվել է նաև ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունների հաղորդման աղյուսակային ձևը, ինչը հնարավրություն կտա ապահովել միասնական մոտեցում և տվյալների բազա:

 

 

Անդրադառնալով այն անձանց, ովքեր հայտնվել են այդ իրավիճակում, բաժնի պետը նշեց, որ նրանց հետ ունեցած զրույցներն ու ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ այդ իրավիճակում են հայտնվել օրենքի և ռուսաց լեզվի չիմացության, իրենց փաստաթղթերի հետ անփույթ վերաբերմունքի /այլ անձանց ձեռքում հայտնվելու, որոշ վճարումներ չնչին ժամկետով ուշացնելու պատճառով: «Քիչ չեն նաև անհատները, ովքեր, գումար վաստակելու ձգտումից բացի, շտապում են օր առաջ ՌԴ-ում հայտնվել' այնտեղ կին և երեխաներ ունենալու պատճառով»,-նկատեց Միրզոյանը: