Հայաստանի ազգային գրադարանային շաբաթվա միջոցառումների շրջանակում, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ապրիլի 13-17-ը Երևան քաղաքի մի շարք դպրոցներում և Հայաստանի բոլոր հինգ Ամերիկյան անկյուններում կազմակերպում է Կլարա Բարտոնի մասին ընթերցանության ժամեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից, անդրանիկ միջոցառումն անցկացվել է Երևանի Ամերիկյան անկյունում, որտեղ դեսպան Միլսն ընթերցել է Կլարա Բարտոնի մասին գիրքը:
Դպրոցներ են այցելում դեսպանության երկու աշխատակիցներ՝ մեկը ամերիկացի դիվանագետ, իսկ մյուսը դեսպանության տեղացի աշխատակից, ովքեր դպրոցականների համար հայերենով ու անգլերենով ընթերցում են «Կլարա Բարտոն. նաև մեր հրեշտակը» գիրքը, որին հաջորդում է կարճ քննարկում Կլարա Բարտոնի կյանքի և գործունեության մասին: Վանաձորի, Գյումրու, Չարենցավանի և Կապանի Ամերիկյան անկյուններում այս քննարկումները կվարեն Խաղաղության կորպուսի կամավորները:
Կլարա Բարտոնին (1821-1912) հիշում են որպես Հայաստանի բարեկամ, որպես մարդ, ով կարեկից էր, մարդասեր ու պատրաստ էր օգնել բոլորին՝ անկախ նրանց ռասայական կամ ազգային պատկանելությունից: Կլարա Բարտոնն Ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ բուժքույր էր, ապա նա հիմնեց Ամերիկյան Կարմիր խաչը: Համիդյան կոտորածների շրջանում, մարդասիրական ճգնաժամին արձագանքելով, նա 74 տարեկանում ուղևորվում է Կոստանդնուպոլիս և այնտեղ բացում Ամերիկյան Կարմիր խաչի առաջին միջազգային գրասենյակը:
Միացյալ Նահանգները եղել է Հայաստանի աներեր բարեկամը ու դժվարին պահերին նեցուկ է եղել հայ ժողովրդին: Կլարա Բարտոնն այդ համերաշխության վառ օրինակ է: Նրա կյանքը ցույց է տալիս, որ մեկ մարդն անգամ կարող է շատ բան փոխել հազարավոր մարդկանց համար: