ԱՄՆ-ը կարտաշիրմի այն գրեթե 400 ամերիկացիների աճյունները, որոնք զոհվել են 1941 թվականին Փիռլ Հարբորի վրա Ճապոնիայի գրոհի հետեւանքով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Դա կարվի սպանվածների ինքնությունը պարզելու եւ նրանցից յուրաքանչյուրին առանձին թաղելու համար, նշել Է կորպորացիան:

 

Նավաստիները գտնվում Էին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Օկլահոմա» գծանավում, երբ 1941 թվականի դեկտեմբերի 7-ին նավին հարվածեցին Ճապոնիայի տորպեդները: Աճյուններն այնուհետեւ թաղվել են Հավայան կղզիներում: Ներկայում «Օկլահոմայի» 429 զոհված նավաստիներից սոսկ 35-ն են նույնականացված:

 

Միացյալ Նահանգների իշխանությունների կարծիքով՝ ԴՆԹ-ի վերծանման արդի տեխնոլոգիաները կարող են օգնել սպանվածների նույնականացման գործում: Զինվորականները նաեւ աջակցություն են խնդրել զոհվածների ընտանիքներից:

 

Ընդամենը Փիռլ Հարբորում ամերիկյան նավերի վրա Ճապոնիայի ռազմաօդային ուժերի եւ նավատորմի հարձակման հետեւանքով զոհվել Է ավելի քան 2400 մարդ: Այդ գրոհից հետո ԱՄՆ-ն Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ մտավ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: