Գալիպոլիի մարտերի հիշատակի արարողությունների օրվա տեղափոխմամբ Թուրքիան ցանկանում է ստվերել հայերի կոտորածի հարյուրերորդ տարելիցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականի լրագրող Կոստանցե Լեչի հրապարակած հոդվածում:
Լրագրողը հիշեցնում է, որ Գալիպոլիի մարտերի տարելիցը մշտապես նշվել է ապրիլի 25-ին'«հաջորդելով Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ միլիոն հայերի սպանության տարելիցի օրվան»: «Սա շատ անպարկեշտ քաղաքական քայլ է, սա էժան քաղաքականություն է, որը նպատակ ունի տարալուծել Թուրքիայի նկատմամբ առկա ճնշումը: Բոլորը գիտեն, որ Գալիպոլիի իրադարձությունների շուրջ հիշատակի երկու օրերն էլ ամեն տարի արվել են մարտի 18-ին և ապրիլի 25-ին»,- լրագրողը մեջբերում է պոլսահայ ուսումնասիրող և «Ակոս»-ի թղթակից Օհաննես Քըլըչդաղի խոսքերը:
Լեչը գրում է, որ Մեծ Բրիտանիայի արքայազնը, ինչպես նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի վարչապետներն արդեն իրենց համաձայնությունը տվել են այդ օրը լինել Գալիպոլիում: Սակայն, միևնույն ժամանակ, հարյուրավոր մարդիկ ապրիլի 24-ին լինելու են Թասքիմի հրապարակում, որտեղ Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններ են տեղի ունենում 2010 թվականից ի վեր: Արարողություն տեղի կունենա նաև Դիարբեքիրում, սակայն գլխավոր իրադարձությունն ակնկալվում է Երևանում, որին կմասնակցեն տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից:
The Guardian-ի լրագրողը նշում է, որ միջազգային հանրության ուշադրությունը հայերի կողմից իրականացվող հիշատակի արարողություններից շեղելու թուրքական փորձը հայերն ուղղակի «նողկալի» են բնորոշում: Նա պատմում է, որ Թուրքիան մինչ օրս հրաժարվում է Օսմանյան կայսրությունում կատարվածի համար պատասխանատվությունը վերցնել իր վրա: Ավելին, այն բանից հետո, ինչ Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը սկսեց խոսել այն մասին, որ 1915-ի դեպքերը ճանաչում է որպես ցեղասպանություն, հայտնի դարձավ, որ նա հեռացվել է ամիսներ առաջ զբաղցրած պաշտոնիÖ ' որպես պատճառաբանություն բերելով տարիքը:
Լրագրողը փաստում է, որ թեպետ այսօր Թուրքիայում բնակվում է ավելի քան 100 հազար հայ, նրանցից շատերը չափազանց շատ են վախենում բացեիբաց խոսել իրենց էթնիկ պատկանելության մասին կամ դավանել իրենց քրիստոնեական հավատը:
Էրդողանի և նրա վարչակազմի նման քաղաքականությունը թուրք լրագրող Օրհան Քեմալ Ջենգիզը մեկնաբանել է ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններով' բրիտանական պարբերականի թղթակցին ասելով, որ իշխող կուսակցությունը ցանկանում է ստանալ երկրի ազգայանական շրջանակների ձայները: «Էրդողանը շատ պրագմատիկ գործիչ է, ով շատ լավ գիտակցում է, թե որ քայլով ինչպիսի քաղաքական առավելություններ կարող է ստանալ: Սակայն հայկական հարցը գիտակցման և բարոյականության հարց է, և հենց այդ պատճառով է, որ Էրդողանն այն առաջնորդը չէ, որ կլուծի այդ հարցը»,- ասել է նա: