Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրախորհրդարանին մեղադրել է պատմության հանդեպ անարդարության մեջ: Թուրքական իշխանությունների կարծիքով՝ եվրախորհրդարանականները ցուցաբերել են «կրոնական և մշակութային մոլեռանդություն»: Այս մասին գրել է գերմանական DW պարբերականը։

 

«Մենք լուրջ չենք ընդունում նրանց, ովքեր ընդունել են այս բանաձևը՝ խաբկանքների դիմելով պատմության և իրավունքի հանդեպ», – ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը՝ ԵՄ խորհրդարանին մեղադրելով պատմությունը վերափոխելու մեջ:

 

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որը հիշատակում է Առաջին աշխարհամարտի ժամանակ 1.5 միլիոն հայերի կոտորածները՝ այդ դեպքերը անվանելով «Ցեղասպանություն»:

 

Չորեքշաբթի ընդունած բանաձևով ԵԽ անդամները Թուրքիային կոչ են արել օգտագործել կոտորածների 100-րդ տարելիցը, որի հիշատակման օրն ապրիլի 24-ն է, որպես «անցյալի հետ հաշտվելու, Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու և դրանով իսկ թուրքերի և հայերի միջև հաշտության ճանապարհ հարթելու հնարավորություն»:

 

Թուրքիայի նախագահ Էրդողանը քննադատել է բանաձևը՝ ասելով. «Հայերին օգտագործելով՝ նման որոշումների ընդունումը Թուրքիայի հանդեպ թշնամանքի արտահայտում է, նման որոշումները մեզ համար դատարկ ու անպիտան են»:

 

Թուրքիայի նախագահը մեղադրել է նաև Հռոմի պապին՝ նրան զգուշացնելով «նման սխալ այլևս չգործել»:

 

Թուրքիայի վարչապետի հայ խորհրդականն ազատվել է պաշտոնից

 

Այդ ընթացքում Թուրքիայի կառավարությունը հաստատել է, որ հայազգի հայտնի գրող, 65-ամյա Էթյեն Մահչուփյանը, որը վարչապետ Ահմեդ Դավութօղլուի խորհրդականն էր, ազատվել է պաշտոնից:

 

Կառավարությունը հերքել է Մահչուփյանի ազատման և ապրիլի 24-ին սպասվող 100-րդ տարելիցի միջև կապը: «Պարոն Մահչուփյանն այլևս վարչապետի գլխավոր խորհրդականը չէ, նրա պարտականությունները դադարեցված են թոշակի անցնելու հանգամանքով», – Reuters-ին ասել է Դավութօղլուի աշխատակազմի ներկայացուցիչը:

 

Այնուամենայնիվ, հինգշաբթի օրը Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքիրը հայտարարել է, որ 100 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը Ցեղասպանություն որակելու Մահչուփյանի հայացքները չէին համապատասխանում վարչապետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող մարդու համար:

 

«Եթե Բոսնիայում և Աֆրիկայում տեղի ունեցածը համարում ենք Ցեղասպանություն, անհնար է Ցեղասպանություն չհամարել 1915-ին հայերի հետ տեղի ունեցածը», – ասել է Մահչուփյանն այս շաբաթ հրապարակված հարցազրույցում:

 

Անկարան նաև մեղադրվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի մոտալուտ միջոցառումներից ուշադրությունը շեղելու նպատակով Գալիպոլիի ճակատամարտի հիշատակի միջոցառումները նույն օրն անցկացնելու համար:

 

1915 թվականի Գալիպոլիի թերակղզում ռազմական գործողությունները միշտ հիշատակվել են ապրիլի 25-ին՝ Օսմանյան կայսրությունում սպանված 1.5 միլիոն հայերի հիշատակի հաջորդ օրը: Այս տարի նախագահ Էրդողանը Գալիպոլիի միջոցառումներին մասնակցելու նպատակով աշխարհի պետությունների առաջնորդներին որոշել է 1 մեկ օր շուտ հրավիրել: