Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 19-ին անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես-երաժշտական ցերեկույթ, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Հնչել են կոմիտասյան երաժշտություն եւ հայկական ծիրանափող:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, միջոցառմանը ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով, որտեղ, մասնավորապես, նշել է. «1944 թվականին լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը կիրառեց «ցեղասպանություն» եզրույթը' նկատի ունենալով 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրագործված վայրագությունները: Ուղիղ 100 տարի առաջ Թուրքիայի ղեկավարությունն իրականացրեց մի ողջ ժողովրդի ցեղասպանություն եւ հայրենազրկում միայն այն պատճառով, որ նրանք ազգությամբ հայ էին, դավանանքով' քրիստոնյա:

 

Ապրիլյան իրադարձություններից ընդամենը մեկ ամիս անց' մայիսի 24-ին, Անտանտի երկրները Թուրքիայի կողմից հայ ժողովրդի հանդեպ իրականացված ծանրագույն հանցագործությունը որակեցին որպես «մարդկության եւ քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն»: Սա խոսում է այն մասին, որ դեռեւս 100 տարի առաջ առաջադեմ մարդկությունը գիտակցել է կատարվածի ողջ լրջությունը: Մինչդեռ Թուրքիան մինչ օրս շարունակում է համառորեն ժխտել Հայոց ցեղասպանությունը:

 

Կարծում եմ, որ մենք պետք է ոչ միայն դատապարտենք Հայոց ցեղասպանությունը, այլեւ առաջադեմ մարդկության հետ մեկտեղ պայքարենք' հասնելու Ցեղասպանության ժխտման քրեականացմանը: Միայն քրեականացումը կարող է փակել դռները նոր ցեղասպանությունների առջեւ»: